Մարզային այցելությունների շրջանակում Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր այցելել է Սյունիքի մարզ: Կապանում տեղի ունեցած հանդիպումն ընթանում է միջադեպերով: Ոստիկանությունը հայտարարում է, որ հավաքն անօրինական է եւ կոչ է անում դադարեցնել այն: Հավաքի վայր են եկել նաեւ մի քանի հոգի, ովքեր ենթադրաբար ուղարկվել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ Լիսկայի հրահանգով: Նրանք գոռում են՝ հեռացեք: Սյունիքի մարզից հետո Հովհաննիսյանը հանդիպումներ է ունենալու Վայոց Ձորի ու Արարատի մարզերում:
Կապանցիների հետ հանդիպման ժամանակ Հովհաննիսյանն անդրադարձավ մարզպետի խոսքերին, ով հայտարարել է, որ Կապան գալու դեպքում իր գլուխը ջարդելու է: «Հիմա ժամն է, պարոն մարզպետ, ես այստեղ եմ: Պարոն Խաչատրյանը չհարգեց ժամադրությունը ու չեկավ, փոխարենը մի քանի սադրիչներ ուղարկեց»,- ասել է Հովհաննիսյանը: