Շրջանառության մեջ դրված նախագծում դիմակ չկրելու համար տուգանքների բարձրացումը ընդամենը մի հոդված էր. այդ օրենքում նաեւ որոշ այլ հոդվածներ էին նախատեսված, որոնք պետք է կանոնակարգեին այդ հարաբերությունները, տնտեսվարողների գործունեությունը, ինչպես նաեւ վարչարարություն իրականացնող մարմինների ցանկի ընդլայնումը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Հարցին, թե արդյոք արդյունավետ կլինե՞ր տուգանքների բարձրացումը, նա պատասխանեց. «Ես չեմ կարող պատասխանել՝ արդյունավետ կլիներ, թե ոչ: Արդյունավետությունը կարող ենք գնահատել կիրառման արդյունքում: Օրինակ, մեր հարեւան Վրաստանում նույն դիմակ չկրելու կամ այլ սահմանափակումները խախտելու համար տուգանքները անհամեմատ բարձր են: Եթե չեմ սխալվում այնտեղ 70 հազար դրամից են սկսվում տուգանքները: Այնպես որ բոլորը չէ, որ կարծում են՝ տուգանքները 10 հազարից բարձրացնելը վատ գաղափար է»: