Ռուսաստանցի լրագրող Իվան Սաֆրոնովի փաստաբաններն այսօր բողոքարկել են Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանային դատարանի երեկ ուշ երեկոյան կայացրած վճիռը, որի համաձայն իրենց պաշտպանյալը առաջիկա մեկուկես ամիսներին կալանքի տակ է գտնվելու։

«Ես և իմ գործընկեր Եվգենի Սմիրնովը բողոքարկել ենք առաջին ատյանի դատարանի վճիռը։ Մեր կարծիքով' այն զուրկ է որևէ հիմնավորումից», - այսօր հայտարարել է Սաֆրոնովի փաստաբան Իվան Պավլովը։

Դատապաշտպանի խոսքով' քրեական գործի նյութերում առկա չեն նաև լրագրողի մեղքն ապացուցող, նրա նկատմամբ խափանման նման խիստ միջոց ընտրելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր։

«Կոմերսանտ» և «Վեդոմոստի» թերթերի նախկին մեկնաբան Սաֆրոնովը, որ վերջին երկու ամիսներին զբաղեցնում էր Ռուսաստանի Տիեզերական գործակալության՝ «Ռոսկոսմոսի» ղեկավարի խորհրդականի պաշտոնը, ձերբակալվել էր նախօրեին Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից։ Ռուսաստանի հատուկ ծառայությունները պնդում են, որ Սաֆրոնովը 2012 թվականին հավաքագրվել է չեխական հետախուզության կողմից։