Կտորե դիմակները ավելի վատ են պաշտպանում կորոնավիրուսով կամ ցանկացած այլ վիրուսով վակարվելուց, քան բժշկական դիմակները։ Այդ իսկ պատճառով ցանկալի է կրել բժշկական դիմակներ, իսկ կտորի դիմակներ կարելի է կրել միայն այն դեպքերում, երբ բժշկական դիմակները հասանելի չեն՝ հատկապես, ֆինանսական պատճառներով։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք արտահայտել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Բժշկական դիմակները շատ ավելի լավ են պաշտպանում վիրուսային հիվանդություններից, այդ թվում կորոնավիրուսից, քան կտորե դիմակները։ և կտորե դիմակները պետք է փոխարինեն բժշկական դիմակներին միայն դրանց անհասանելիության, հատկապես ֆինանսական անհասանելիության ժամանակ», – ասել է նախարարը։

Նա հիշեցրեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս վարակից զերծ մնալու համար պահպանել սոցիալական հեռավորություն, իսկ այն դեպքերում, երբ սոցիալական հեռավորությունը հնարավոր չէ ամբողջությամբ պահպանել, կրել դիմակներ։ Քրոնիկական հիվանդություններով և տարեց քաղաքացիներին ԱՀԿ-ն կոչ է արել կրել հատկապես բժշկական դիմակներ։

Իսկ հաշվի առնելով, որ սոցիալական հեռավորության պահպանումը հնարավոր չէ ամեն պահ վերահսկել, աշխարհի բազմաթիվ պետություններ, այդ թվում Հայաստանը, պարտադիր են դարձրել դիմակների կրումը բոլոր հանրային վայրերում, բացառությամ մարդկանց սեփական տներից։