Գյումրիում հուլիսի 13-ին մի քանի ժամ տեղացած հորդառատ անձրևը և կարկուտն արտակարգ դրություն են ստեղծել․մի շարք թաղամասեր ու փողոցներ ողողվել են ջրով։

 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

«Ժամը 15։00-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Գյումրիի մի շարք թաղամասեր ու փողոցներ ջրով են ողողված, Տերյան-Ախուրյանի խճուղու հատվածում մեքենաներ են ջրասույզ եղել։ Մարդկանց և մեքենաները տարհանելու համար լրացուցիչ ուժեր ու միջոցներ են ներգրավվել Արթիկի, Անիի, Ամասիայի և Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Նախարարությունից նաև հայտնում են, որ փրկարարները գործածել են ռետինե նավակներ, գործի է դրվել 13 հրշեջ մեքենա։

Աշխատանքները տեղում ղեկավարել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը, համագործակցում են Գյումրիի համայնքապետարանի և ոստիկանության հետ։