Ինչպես հայտնի դարձավ այսօր, Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին Հայաստանին կոչ է արել դատապարտել Սիրիայի Հալեպ նահանգի Խան ալ Ասալ գյուղի վրա մարտի 19-ին իրականացված քիմիական զենքով հարձակումը, ինչի հետևանքով զոհվել է 25, վիրավորվել 130 մարդ: Ինչպես հաղորդում է իրանական Presstv.ir կայքը, Իրանի արտգործնախարարի ուղերձը Էդվարդ Նալբանդյանին փոխանցել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին:

Այս ուղերձի կապակցությամբ Tert.am-ը մեկնաբանություններ է խնդրել Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանից և Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանից:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Սիրիայի իշխանությունները հայտարարել էին Հալեպում ընդդիմության կողմից քիմիական զենքի կիրառման մասին, որի հետևանքով զոհվել էր 25, լուրջ վնասվածքներ ստացել 110 մարդ։ Սիրիացի զինյալները հերքել էին իշխանության մեղադրանքները՝ պնդելով, որ այդ Սիրիայի կառավարական ուժերն են «Սկադ» տիպի հրթիռներ կիրառել՝ հագեցած թունավոր նյութերով։

Մեկ օր անց Սիրիայի կառավարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին նամակ էր ուղարկել՝ խնդրելով հետաքննել ընդդիմության կողմից քիմիական զենք կիրառելու փաստը։

Ֆրանսիայի խնդրանքով՝ այդ հարցը բարձրացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Արևմտյան երկրները կոչ են արել քննել Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստը, այդ թվում նաև այն պնդումը, որ զենքը կիրառվել է սիրիական իշխանությունների կողմից։

Հմայակ Հովհաննիսյանի համար անհասկանալի է ընդհանրապես Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը Սիրիայի հայ համայնքի հետ այս օրերին տեղի ունեցողի կապակցությամբ, և նա գտնում է, որ նրանք այստեղ անելիք ունեն: «Անհասկանալի է, որ այս հարցում չեն փորձում ինչ-որ ձևով բոլորի՝ միջազգային կենտրոնների ուշադրությունը հրավիրել Սիրայում բնակվող քրիստոնյաների, այդ թվում՝ նաև հայ համայնքի վիճակի վրա, որովհետև նրանց վիճակը շատ ծանր է: Քանի որ բանակցությունների բացակայության պատճառով տուժում է հայ համայնքը, քրիստոնեական փոքրամասնությունը»,- ասաց նա:

Ինքը՝ Հմայակ Հովհաննիսյանը կիրակի օրը ուշադիր նայել է ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովի ռեպորտաժը, որտեղ նշվում էր, թե ընդդիմության կողմից օգտագործվող զինատեսակները տրամադրվել է Թուրքիայի կողմից: «Այս ամենը հաշվի առնելով, մենք պետք է շատ ակտիվ լինենք և նախանձախնդիր՝ պաշտպանելով մեր համայնքին, ազգային գաղթօջախը, որտեղ ժամանակին մարդիկ փրկվել են թուրքական յաթաղանից»,- ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահը:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ինչպես ժամանակին Սիրիայում, այնպես էլ այժմ Իրանում բնակվող հայ համայնքի իրավունքները պաշտպանված են, իսկ հայերն էլ ներկայացված են այդ երկրի խորհրդարանում և իշխանության այլ մարմիններում:
Այդ իսկ պատճառով, Իրանի արտգործնախարը բոլոր իրավունքներն ուներ այդպիսի հայտարարություն անելու՝ «իր երկրի փորձով ցույց տալով, որ իսլամական պետությունում հնարավոր է պաշտպանել հայերի անվտանգությունը»:

Հիշեցենք, որ Սիրայում ծայր առած քաաղաքացիական պատերազմի ընթացքում ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը և կառավարական ուժերին մեղադրում խաղաղ բնակիչների նկատմամբ զանգվածային բռնություններ գործելու մեջ: Պաշտոնական Դամասկոսն, իր հերթին, պնդում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «լավ զինված» ահաբեկիչներ, որոնց աջակցում են օտարերկրյա իսլամիստական խմբավորումներ (Թուրքիայից, Արաբական ծոցի երկրներից):

Ամփոփելով այս ընթացքում մեր իշխանությունների որդեգրած դիրքորոշումը, Հմայակ Հովհաննիսյանն ասաց, թե մեր չեզոքություն պահպանելու բոլոր փորձերը, որոնք ուղղված էին այդ ներքին կոնֆլիկտում հայերի նկատմամբ ֆիզիկական ճնշումներից ու բռնություններից ապահովագրվելուն, հաջողության չհասան:

Չնայած, քաղաքագետը պատմեց, որ 70-ականներին, երբ նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել Լիբանանում, ականավոր խորհրդային գրող ու գործիչ Մարիետա Շահինյանը հատուկ նամակով դիմեց ԽՍՀՄ քաղբյուրոյին՝ հորդորելով պաշտպանել հայերի շահերը, ինչից հետո անմիջապես դադարեցվեցին հայերի նկատմամբ բռնությունները:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը բնավ այն կարծիքին չէ, որ Հայաստանը այս հարցում պետք է շատ նախաձեռնող լինի, մանավանդ առանց քիմիական զենքի կիրառման փաստի հստակեցման: «Շատ կարևոր է, որ փաստը իրենց մոտ պաշտոնապես հստակեցվի, որովհետև դա լրջագույն խնդիր է, կատակ չի էս պահին նման գնահատական տալը մի ուրիշ երկրին հորդորով»,- ասաց Մանվել Սարգսյանը՝ նշելով, որ պատահական չէ, որ այդ կապակցությամբ պաշտոնական Երևանի արձագանքը չկա: Մանվել Սարգսյանը նշեց, որ մի առանձին լուրջ քննարկման առարկա պետք է դառնա Իրանի ուղերձը: «Տեսնել, թե դա ինչի հետ է կապված: Պարզել՝ Իրանն ուրիշներին է՞լ է դիմել»,- ասաց քաղաքագետը, ով, ի տարբերություն, Հմայակ Հովհաննիսյանի, չգիտի՝ Իրանը ունի՞ մեզ նման ուղերձով դիմելու իրավունք: