Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանին արդեն երրորդ օրը տևացող սադրիչ գործողությունների ֆոնին տարակուսելիորեն պասիվ են պետական այն օղակները, որոնք իրենց կանոնադրությամբ և գործի բնույթով պարտավոր էին առաջինը մղվել տեղեկատվական պատերազմի առաջնագիծ՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ ռազմական հաջողություններից ոչ պակաս կարևոր է թշնամուն տեղեկատվական դաշտում պարտության մատնելը:
Հայաստանում Ադրբեջանական հակաքարոզչությանը պարտավոր էր լծվել «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը մեր երկրում առավել հայտնի է որպես ֆեյքերի ՊՈԱԿ, քանի որ բազմիցս է գրվել այս ՊՈԱԿ-ի համար օր ու գիշեր տքնաջան աշխատող ֆեյքերի գործունեության մասին, որոնց թիրախը սակայն, չգիտես ինչու, ոչ թե հակառակորդն էր, այլ՝ քաղաքական ընդդիմախոսը:

Նշենք, որ «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը իր բուն գործունեությանը անցավ ընդամենը երեկ՝ հայտարարելով, որ տեղեկատվական պատերազմում հակազդելու նպատակով ստեղծվելու է հատուկ խումբ, իսկ տարածվող ապատեղեկատվությունը հերքվելու է հատուկ հարթակում: Հարթակում, սակայն, հերքվել է ընդամենը երեք տեղեկություն, այն էլ փաստենք, որ ապատեղեկատվության փաստը հաստատել էր մամուլը, իսկ ՊՈԱԿ-ը ընդամենը տեղադրել էր այն փաստերի ստուգման հարթակում, չնայած, ըստ տրամաբանության, պետք է լիներ հակառակը: Հարյուրավոր ֆեյքերը, որոնք այդքան ջանասիրաբար լծված են քաղաքական ընդդիմախոսներին հայհոյելու սուրբ գործին, անգամ նեղություն չեն քաշել լայնորեն տարածեն իրենց ՊՈԱԿ-ի հերքումները: Ի՞նչ է սա՝ մասնագիտական դիլետանտությո՞ւն, թե՞ նպատակային քաղաքականություն, որը, կարծես թե, ուրվագծվում է այս օրերին նաև ավելի բարձր մակարդակում և միտված է ադրբեջանական կողմի հանդեպ որոշակի լոյալություն պահպանելուն:

Հիշենք հենց վարչապետի տարակուսելի հարցը կառավարության նիստին, թե արդյոք չէին կարող հայտնի ՈՒԱԶ-ի ուղևորները մոլորված լինել: Ակնհայտ է, որ կա որոշակի հրահանգ վերևներից ՝ լոյալ վերաբերվել կիրթ հարևանի սադրիչ գործողություններին:

Ի տարբերություն վերոնշյալ ՊՈԱԿ-ի և ի պատիվ հայոց բանակի՝ նշենք, որ Հայաստանի զինված ուժերը՝ շարքային զինվորից մինչև 3-րդ բանակային կորպուսի հրամանատար և պաշտպանության նախարար, փայլուն են կատարում իրենց առաջադրանքը և արդյունքում հակառակորդը յուրաքանչյուր սադրանքից հետո հետ է շպրտվում՝ կրելով նյութական և մարդկային զգալի վնաս: Միևնույն ժամանակ նշենք, որ վերոնշյալ պասիվները, որքան պասիվ էին հակառակորդի քարոզչությանը հակազդելու հարցում, նույնքան էլ պասիվ էին հայոց բանակի և գեներալների հաջողությունների վրա ուրախանալու և այդ հաջողությունների փաստը գովելու հարցում: Տպավորություն է, որ 3-րդ բանակային կորպուստի հրամանատար գեներալ-գնդապետ Գրիգորի Խաչատուրովի հմուտ գործողությունները սահմանին ուրախություն են պատճառել միայն նախկին իշխանության ներկայացուցիչներին, իսկ նոր՝ թավշյա իշխանության ներկայացուցիչները արձագանքել են զուսպ, առանց ավելորդ էնտուզիազմի և ոգևորության, մի տեսակ չուզելով, ինչը, համաձայնեք, մեղմ ասած տարօրինակ է և առաջացնում է բազում հարցեր…

4STOPPED
Հայկական բանակը մեր զինվորների, սպաների, գեներալների, ՊՆ ղեկավարության հմուտ գործողությունների արդյունքում պատվով կատարում է իր առաջադրանքը, և անշուշտ ցանկալի է, որպեսզի ռազմի դաշտում արձանագրվող ձեռքբերումները և հաջողությունները ամրապնդվեն նաև քաղաքական-դիվանագիտական-քարոզչական հարթակներում, մի բան, ինչում թավշյա պաշտոնյաներն այսօր ակնհայտորեն թերանում են....