Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունը՝ վարչապետի գլխավորությամբ, հուլիսի 16-17-ը կգործուղվի Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը: Համաձայն որոշման՝ վարչապետի գործուղման ընթացքում ՀՀ-ում գործադիրի ղեկավարի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Այս տեղեկատվությունն իր մեջ անչափ հետաքրքրիր երկու նրբություն է պարունակում: Նախ, նշենք, որ փաստացի նիստը տեղի է ունենալու ոչ թե օնլայն, այլ կենդանի հանդիպման ֆորմատում: Փաշինյանը, անշուշտ, կարող էր հղում անել երկրում ստեղծված պատերազմական իրավիճակին և չմեկնել Մինսկ, ինչպես չմեկնեց Մոսկվա՝ հղում անելով կորոնավիրուսի համաճարակի առաջացրած բարդություններին: Կարող էր նաև իր փոխարեն գործուղել փոխվարչապետներից մեկից: Սակայն, Փաշինյանը Մինսկ մեկնելու որոշում է կայացրել, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ Փաշինյանին հասկացրել են՝ իր ներկայությունը պարտադիր է: Պարտադիր է, քանի որ, անկասկած, նա պետք է պատասխանի մի շարք հարցերի, որոնք վերաբերվում են Արցախի հարցում իր ստանձնած պարտավորություններին և պայմանավորվածությունների կատարմանը: Առաջին հերթին այդ պատասխանները անհրաժեշտ են Մոսկվային և հենց դա է պատճառը, որ Փաշինյանը անձամբ է մեկնում Մինսկ: Ընդ որում, մեկնելուց առաջ էլ ուշագրավ ռևերանս է անում Կրեմլին՝ չցրելով Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան մոտ կազմակերպված ցույցը և թույլ տալով, որպեսզի բորշչով լի տարաները հանգրվանեն այդ նույն դեսպանատան պատերի վրա:

Հաջորդ կարևոր նրբությունը վերաբերվում է վարչապետի պաշտոնակատարի դիրքում Տիգրան Ավինյանի նշանակմանը: Սա խոսում է այն մասին, որ Փաշինյանը առնվազն այս փուլում թիկունքից հարված չի ակնկալում և կարողանում է կառավարել իր թիմը: Այս քայլը վկայում է նաև մեկ այլ բանի մասին. մի բան, ինչի մասին գրվել էր նաև մամուլում: Այն է, որ Տիգրան Ավինյանի հրաժարականի և այլ քաղաքական ուժերի հետ քաղաքական առևտրի մասին տեղեկությունը դաշտ էր նետվում հենց իշխանությունների կողմից, նպատակն էլ հանրային տրամադրությունների զոնդաժն էր…