Մոսկվայում բնակիչների 60%-ն արդեն ունի կոլեկտիվ իմունիտետ կորոնավիրուսի դեմ: Այդ մասին ասել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը RIA Novosti գործակալությանը::
«Ե՛վ Մոսկվայում, և՛ Նյու Յորքում ստեղծվել է կոլեկտիվ իմունիտետ մոտավորապես բնակչության 60 տոկոսի մոտ: Ընդ որում՝ նրանց մոտ պրոցեսն ընթացավ 1 ամսվա ընթացքում, և առողջապահական համակարգը չդիմացավ ծանրաբեռնվածությանը, իսկ մենք հարթեցրինք կորը, պրոցեսը երկարացրինք 3 ամսով»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Նյու Յորքը դարձել էր ԱՄՆ-ում համավարակի կենտրոնը: Համավարակի պիկի ժամանակ այստեղ օրական մահանում էր 700-ից ավելի վարակակիր, 3000-ից ավելին՝ հոսպիտալացվում:
Միայն Նյու Յորքում այս ընթացքում կորոնավիրուսից մահացել է 18754 մարդ, ևս 4600-ի դեպքում կա լրացուցիչ ստուգման անհրաժեշտություն: Մոսկվայում, ըստ վերջին պաշտոնական տվյալների, համավարակից մահացել է 4271 մարդ: