Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2020թ. հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում վճարվել է ավելի քան 492 մլրդ 668 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 412 մլրդ 606 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 80 մլրդ 62 մլն դրամ:
 
Առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորել է «Գրանտ Տոբակոն», որը վճարել է 26,34 մլրդ դրամի հարկ՝ առաջ անցնելով «Գազպրոմ Արմենիայից», որը վճարել է 25,98 մլդր դրամի հարկ: Նշենք որ առաջին եռամսյակի արդյունքներով առաջատարը «Գազպրոմ Արմենիան» էր:
 
Ցանկի 3-րդ հորիզոնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որը վճարել է 21,63 մլրդ դրամի հարկ: Նշենք, որ այս ընկերությունը 2019-ի առաջին կիսամյակում գլխավորում էր խոշոր հարկատուների ցուցակը, իսկ այս տարվա առաջին եռամսյակում 6-րդ տեղում էր:
 
4-րդ հորիզոնականում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը (12,77 մլրդ դրամ), որը առաջին եռամսյակի տվյալներով ընդամենը 11-րդ տեղում էր:
 
5-րդ տեղում «CPS oil»-ն է, որը վճարել է 9,68 մլրդ դրամի հարկ (ռաջին եռամսյակում 4-րդ հորիզոնականում էր):
 
6-րդ տեղում «Ինթերնեշնլ Մասիսի տաբակ»-ն է, որը վճարել է 9,67 մլրդ դրամի հարկ (առաջին եռամսյակում 3-րդ հորիզոնականում էր):
 
7-րդ հորիզոնականում է հայտնվել «Ֆլեշ»-ը (8 մլրդ դրամ), որը բարելավել է իր դիրքը մեկ հորիզոնականով:
 
8-րդ տեղում «Ֆիլիպ մորիս Արմենիա» ընկերությունն է, որը վճարել է 6,95 մրդ դրամի հարկ (առաջին եռամսյակում այս ընկերությունը 7-րդ տեղում էր):
 
9-րդ հորիզոնականը զբաղեցրել է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (6,94 մլրդ դրամի հարկ): Այս ընկերությունը մեկ հորիզոնականով իջել է:
 
Ցանկի առաջին տասնյակը փակում է «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը, որը վճարել է 6,89 մլրդ դրամի հարկ: Առաջին եռամսյակում այս ընկերությունը 5-րդ հորիզոնականում էր: Անկումը նկատելի է:
 
Դերժավայի Արկադիին՝ Արկադի Համբարձումյանին պատկանող «Սլավ Գրուպը» երկրորդ եռամսյակում վճարել է 1,512,332 դրամի հարկ, իսկ առաջին եռամսյակի հարկային մուտքերը կազմել էին 767 միլիոն դրամ:
 
Տխրահռչակ «Սեքյուրիթի Դրիմը» երկրորդ եռամսյակում վճարել է 368 միլիոն դրամի հարկ, առաջին եռամսյակի՝ 201 միլիոն դրամի դիմաց:
 
«Ալֆա Ֆարմը» երկրորդ եռամսյակում վճարել է 1,293,865 դրամի հարկ, առաջին եռամսյակի՝ 1,001,972 դրամի դիմաց: Եվ սա այն դեպքում, երբ երկրում հավաճարակ էր, և դեղատնային բիզնեսը չպետք է որ դժվարությունների առաջ կանգներ:
 
Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սիթի» ընկերությունը ապրիլ-հունիս ամիսներին վճարել է 4,016,557 դրամի հարկ, իսկ հունվար-մարտ ամիսներին վճարած հարկերը կազմել են 2,097,461 դրամ: «Ալեքս Ընդ Հոլդինգը» երկրորդ եռամսյակում վճարել է 2,891,640 դրամի հարկ, առաջին եռամսյակի՝ 1,741,462 դրամի դիմաց: Այսինքն, ինչպես տեսնում ենք, հարկային մուտքերը շատ չնչին են ավելացել. «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ»-ը, որը նույնպես պատկանում է Սամվել Ալեքսանյանին, երկրորդ եռամսյակում վճարել է 1,231,733 դրամի հարկ, առաջին եռամսյակի 339,455 միլիոն դրամի դիմաց: Ակնհայտ է մեկ բան, եթե Սամվել Ալեքսանյանը կարողանում է կտրուկ չավելացնել վճարվող հարկերը, օլիգարխից վերածվել է «սեփականատիրոջ», սկսել է արտադրել «թավշյա» օղի, դա հենց այնպես չի կարող լինել։ Առանց երկրի ղեկը վերցրած մարդու կողմից, այսպես ասած, «պռախոդ» տալու, դա պարզապես անհնար կլիներ։ Իմիջիայլոց, նշենք, որ «օդում կախված լուրերի» համաձայն, Սամվել Ալեքսանյանն է ֆինանսավորում իշխող կուսակցության գրասենյակների վարձակալության, վարչապետի կնոջ անձնական ծախսերը, ինչպես նաև աջակցել է վարչապետի կնոջ եղբոր պատգամավոր ընտրվելուն Մալաթիայի ընտրատարածքից, որտեղից սովորաբար ընտրվում էր ինքը՝ Ալեքսանյանը։