Հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ' հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 183 կրակոց:

Սոթքի և Արտանիշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր կրակոցները եղել են ընդհանուր 2 անգամ, իսկ Երասխի, Չիվայի և Զանգակատան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր ընդհանուր' 6 անգամ: Վերջին շրջանում հակառակորդը նշված բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ արձակել է առաջին անգամ:

Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի ղեկավար Կարեն Շուշանյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ կրակոցներից. «Եթե արտառոց որևէ բան լիներ՝ ես տեղյակ կլինեի: Հնարավոր է՝ կրակոցները եղել են դիրքերի ուղղությամբ, բայց գյուղի ուղղությամբ՝ ոչ»:

Գյուղում այժմ անդորր է, իսկ գյուղապետը պնդում է՝ հակառակը լինել չէր կարող:

Արարատի մարզի Զանգակատուն գյուղի ղեկավար Հովիկ Կարապետյանը, նախ, հետաքրքրվեց, թե ինֆորմացիան որտեղից ենք ստացել, իսկ պատասխանը ստանալուց հետո շարունակեց թերահավատորեն մոտենալ. «Երեկ գիշերը մեր հենակետերում, իմ իմանալով, կրակոցներ չեն եղել: Եթե լուրջ կրակոցներ լինեին, հաստատ կիմանայի»:

Ղեկավարը նշեց՝ գյուղում ինժեներական աշխատանքներ են իրականացվում, և գիշերը, մերթընդմերթ, կրակոցներ լինում են, հիմնականում, աշխատանքները խոչընդոտելու համար:

Նշենք, որ չկարողացանք կապ հաստատել Սոթքի, Չիվայի և Երասխի ղեկավարների հետ՝ առավել մանրամասն տեղեկություններ իմանալու համար: