Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շինությունների հարցը կրկին արդիական դարձավ անցած ամառ՝ լճի «ճահճացումից» հետո։ Նախորդ տարի հուլիսի 18-ին դեռևս այդ պաշտոնում գտնվող շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարեց, որ Սևանի ափամերձ տարածքում «1905 մետրից ցածր գտնվող բոլոր 4800 շինությունները, բացառությամբ Խորհրդային Միությունից մնացած որոշ պոմպակայանների, ապօրինի են, և այդ նիշից ցածր որևէ օրինական շինություն չկա…»։

Ուսումնասիրելով Սևանի ափամերձ հատվածում ապօրինի կառուցված շինությունների սեփականատերերի/օգտագործողների՝ «Սևան ազգային պարկի» տրամադրած ցանկը, պարզ է դառնում, թե ներկա ու նախկին պաշտոնյաներից ովքեր են իրենց օրենքից դուրս հռչակել՝ արգելված գոտում ապօրինի կառուցապատում իրականացնելով։ Բանն այն է, որ այդ ցուցակում կան մարդիկ, որոնց օբյեկտներին կպչելն անչափ բարդ կլինի գործող իշխանությունների համար և հարց է՝ կգնա՞ն նրանք այդ քայլին, թե՞ ոչ: Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը ևս ապօրինի տնակներ ունի Սևանի ափամերձ տարածքում՝ 1900.28-1901.46 բարձրության վրա։ Հատկանշական է, որ Սասուն Միքայելյանն անգամ հողի վարձակալության վկայական չունի։ Ըստ Սևանի ազգային պարկի կազմած ցուցակի' Սևանի ափամերձ տարածքում ապօրինի կառույցներ ունեն ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Կամոյի Փամբուկյանը:

Սասուն Միքայելյանի մասով ամեն բան հասկանալի է՝ նա Նիկոլ Փաշինյանի թիմի առանցքային դեմքերից է: Սամվել Ալեքսանյանն իր հերթին Նիկոլ Փաշինյանի սրտի օլիգարխն է, ում Նոր Հայաստանում ներվում է ամեն ինչ: Ինչ վերաբերվում է Հարություն Փամբուկյանին, ապա նշենք, որ անգամ հեղափոխությունից հետո ավիավառելիք ներմուծող հինգ կազմակերպությունից երեքն ուղղակիորեն փոխկապակցված են միմյանց հետ և կապվում են Հարություն Կարոյի Փամբուկյանի հետ, ասել է թե՝ նա ունի գերիշխող դիրք, որի վրա իշխանությունները պարզապես աչք են փակում:

Հետևաբար հարց է առաջանում' իսկ կունենա՞ն իշխանություններն այնքան քաղաքական կամք, որպեսզի Սևանի ափամերձ տարածքից ապամոնտաժեն նաև իրենց թիմակիցների կամ իրենց լոյալ բիզնեսմենների օբյեկտները, թե՞ այստեղ էլ մենք գործ կունենանք սելեկտիվ մոտեցման հետ…