Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ կներդնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը հզորացնելու գործում: Այդ մասին ասվում է նախարարների կաբինետի հայտարարության մեջ: Սպասվում է, որ միջոցները կուղղվեն Էսեքսի կոմսության ինովացիոն կենտրոնի զարգացմանը, որի բացումը նախատեսվում է 2021 թվականի դեկտեմբերին՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։

«Կենտրոնը հնարավորություն կունենա մեկ ամսում արտադրել 1 միլիոն չափաբաժին՝ ապահովելով պատվաստանութեր և ժամանակակից դեղամիջոցներ արտադրելու Մեծ Բրիտանիայի հնարավորությունը, այդ թվում՝ ապագայում առաջացող հիվանդությունների համար»,-նշվում է հաղորդագրության մեջ: Նոր հաստատությունը կհամալրի Օքսֆորդշիրում կառուցվող պատվաստանյութերի բնագավառի արտադրա-ինովացիոն կենտրոնը (Vaccines Manufacturing and Innovation Centre, VMIC): Դրա բացումը տեղի կունենա 2021 թվականի ամռանը: Գործարանի հզորությունը թույլ կտա պատվաստանյութով ապահովել Մեծ Բրիտանիայի ամբողջ բնակչությանը՝ նշել են կառավարությունում:

Միացյալ Թագավորության բիզնեսի գործերի նախարար Ալոք Շարման նշել է, որ իշխանությունները ջանում են, որպեսզի Մեծ Բրիտանիայի բնակիչները կարողանան պատվաստումները ստանալ պատվաստանյութի պատրաստ լինելուն պես:

Այս շաբաթ ավելի վաղ Օքսֆորդի համալսարանից COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակողները հայտարարել են, որ իրենց մշակումը հաջողությամբ է անցել փորձարկումների առաջին փուլը: ChAdOx1 nCoV-19 անվանումը ստացած պատվաստանյութի թեստավորմանը ապրիլի 23-ից մինչև մայիսի 21-ն ընկած ժամանակաշրջանում մասնակցել է 1077 մարդ: Պատվաստումը փորձարկումների մասնակիցների մոտ հանգեցրել է COVID-19-ի հակամարմինների մշակման։