ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Հայտարարությունը հրապարակվել է  ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

 

«Ռուսաստանի Դաշնության տարածքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ոչ միայն լուրջ մտահոգություն են առաջացնում Ռուսաստանի հայկական սփյուռքում, այլ նաև փաստացի կրում են մի շարք մարտահրավերներ  ռուսաստանյան հասարակության մեջ ազգամիջյան համաձայնության պահպանման հարցում»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ադրբեջանական կողմի դիտավորյալ գործողությունները նպատակ են հետապնդում հայ համայնքի ներկայացուցիչներին օրենքով արգելված տարբեր գործողություններում ներգրավելու համար:

«Այս կապակցությամբ մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր հայրենակիցներին ՝ անկեղծ խնդրանքով, չմասնակցել որևէ նախաձեռնության, ակցիայի կամ հավաքի, ինչպես նաև զերծ մնալ սոցցանցերում և տարբեր լրատվամիջոցների հարթակներում պատասխան գործողությունների տարբեր կոչերից:

Մենք նաև խնդրում ենք ձեզ պահպանել զգոնություն և զսպվածություն, ինչպես նախկինում, կատարել Ռուսաստանի Դաշնության օրենքները, մշտապես պահպանել կապը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի, Ռուսաստանի հայերի միության հետ, ինչպես նաև դիմել իրավապահ մարմիններին՝ հնարավոր սադրանքների դեպքում»,- նշված է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը շարունակում են սերտ կապի մեջ գտնվել Ռուսաստանի իրավապահ մարմինների և իշխանությունների հետ՝ ստեղծված իրավիճակը լուծելու համար:

«Մեր համերաշխությունը, մեր համաձայնեցված գործողությունները Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրության շրջանակներում հանդիսանում են մեր առջև ծագած հարցերը լուծելու բանալին»,- ասված է հայտարարության մեջ: