Հայաստանի թավշյա իշխանություններն առիթը բաց չեն թողնում հայտարարելու համար, թե իրավիճակ է փոխվել և օրենքի առաջ բոլորը հավասար են: Սակայն, այդ նույն իշխանությունները առիթը բաց չեն թողնում նաև ապացուցելու, որ այդ պնդումը իրականությանը չի համապատասխանում: Ամենաթարմ դեպքերը կապված են իհարկե կորոնավիրուսի դեմ պայքարին և դիմակ կրելու պարտադրանքին:

 

Գրեթե յուրաքանչյուր օր ականատես ենք լինում, թե ինչպես են շարքային քաղաքացիներին կանդալում՝ պարետի որոշումները չկատարելու համար, իսկ այդ նույն ժամանակ իշխանական պատգամավորներն անդիմակ փարթիներ են կազմակերպում Սևանի ափին՝ այդ նույն պարետի որոշումը խախտելով կրկնակի անգամ: Սա բնավ միակ դեպքը չէ, երբ իշխանությունները չեն ցանկանում ենթարկվել իրենց իսկ որոշումներին և գրած օրենքներին: Իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի որդին, օրինակ, նույնպես արտոնյալ է. նրան առանց որևէ հիմքի ազատել են բանակից: «Իմ քայլի» պատգամավորներից Ռուստամ Բաքոյանն էլ ավտոմեքենան խախտումով կայանում է ԱԺ դարպասների մոտ՝ երկրորդ շարքում և այդպիսով խոչընդոտում մյուս մեքենաների ազատ տեղաշարժին։ Նման մի դրվագ ֆիքսել էին լրագրողներն ամիսներ առաջ: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ոչ միայն առատորեն և անխնա պարգևատրում է ինքն իրեն ու իր աշխատակազմի անձանց, այլ օգտագործում է Ազգային ժողովի աշխատակազմի հաշվեկշռում գտնվող ամենաճոխ ավտոմեքենան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է օրենք խախտել՝ հրապարակելով քաղաքացիների անձնական տվյալները և մնալ անպատիժ: Մարզպետները կարող են անտեսել պարետի պահանջը և գնալ ռաֆթինգի:

Անգամ Գառնու հեթանոսական տաճարում երեկ տեղի ունեցած քեֆը, որը պաշտոնական պարզաբանման մեջ ներկայացվեց իբրև ֆիլմի նկարահանում, պետք է ամիսներ առաջ համաձայնեցված լիներ նախարարության հետ, հետևաբար այդ «կրուտիտն» էլ, մեղմ ասած, թույլ է: 2014-ին Գառնու տաճարում համանման միջոցառում թույլատրելու համար այն ժամանակվա մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին ընդդիմադիրները անարգանքի սյունին էին գամել: Մամուլը գրել էր, որ Փաշինյանի օգնականի՝ Նաիրի Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստան է բերել Chevrolet Corvette Stingray մակնիշի սպորտային ավտոմեքենա, որը մինչ օրս վարում է չթույլատրված համարանիշով։ Զարեհ Սարգսյանը պարտավոր էր մաքսազերծել մեքենան և երկշաբաթյա ժամկետում ձեռք բերել պետհամարանիշ, ինչը չանելը համարվում է վարչական իրավախախտում։ Պատկերացնում եք չէ՞, թե ինչ կլիներ այս դեպքում շարքային քաղաքացու հետ. նրան հաջորդ իսկ օրը աստղաբաշխական տուգանք դուրս կգրեին:

Ամիսներ առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Լոռու մարզպետն ամիսը 350 լիտր բենզին է դուրս գրել, որով, իբր, ամիսը 35 անգամ գործուղման է գնացել Երևան, այնինչ օգտագործել է միայն 50 լիտրը, մնացածը յուրացվել է։ Այս ամենի վերաբերյալ բողոք է ներկայացվել տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին, և ստացվել է հետևյալ պատասխանը․ «Ի՞նչ է եղել որ, եղածը 300 լիտր բենզին է, նախկինների նման կաշառք չի վերցրել»։ Իհարկե, մարզպետը հերքել է իր անվան հետ կապվող վերոնշյալ մեղադրանքները, այնուամենայնիվ, արդյո՞ք իրավապահները չպետք է զբաղվեին այս գործով, հատկապես եթե առկա էին հիմնավոր կասկածներ: Անգամ եթե մարզպետն ինքն անձամբ որևէ առնչություն չունի, հենց վերջինիս շահերից է ելնում, որպեսզի իր ղեկավարած կառույցում կոռուպցիոն ռիսկերը զրոյի հասցվեն:

Արարատի մարզպետը, Վայոց ձորի մարզպետը, Շենգավիթի թաղապետը կարող են ներգրավված լինել ծեծ ու ջարդի սկանդալների մեջ, սակայն ջրից չոր դուրս գան:

Սա, թերևս, այն ամենն է, ինչ պետք է իմանալ թավշյա իշխանությունների՝ օրենքի առաջ բոլորի հավասարության թեզի մասին…