Նախորդ երկու տարիների ընթացքում հանրությանը փորձում էին համոզել, որ ջրաօգտագործման ոլորտում վակխանալիա է տիրում, որ նախկին իշխանության ներկայացուցիչները անխնա մսխում են գյուղացիների մասնաբաժին հանդիսացող ոռագման ջրերը, օլիգարխները իրենց ՀԷԿ-երի համար, ՋԸՕ պետերն էլ՝ որպես նախկին իշխանության կարկառուն արբանյակներ, իրենց համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՋԸՕ պետերի հասցեին հրապարակային սպառնալիք էր հնչեցնել՝ հայտարարելով, որ նրանցից յուրաքանչյուրի տուն հարկ եղած դեպքում կգա ԱԱԾ-ն: Սակայն, ԱԱԾ-ն ոչ միայն չեկավ, այլ մի բան էլ փոխվել է իշխանությունների մտածողությունը: Այսօր մեղավոր է ոչ թե ջրի գող օլիգարխը և ՋԸՕ պետը, այլ՝ գյուղացին: Ջրային կոմիտեի պետը ոչ ավել, ոչ պակաս հենց գյուղացիներին էլ մեղադրում է ջրի ոչ արդյունավետ օգտագործման մեջ: Գուցե՞, իրոք, գյուղացին մեղավոր է, որ օրերով դիմում և սպասում է, բայց ջուր չեն տալիս, որպեսզի դաշտը ջրի, որ ջրի համար վճարում է ըստ ջրած հողատարածքի քառակուսի մետրի, բայց ջուր ստանում է իբր խորանարդ մետրով, որի ծավալը նախկինում էլ չի չափվել, հիմա էլ չի չափվում, գուցե՞ գյուղացին է մեղավոր, որ ՋՕԸ-երը Ջրառից 1 դրամով ջուրը վերցնում են՝ 11 դրամով վաճառում գյուղացուն կամ գետից ջուրը վերցնում են և էլի 11 դրամով վաճառում, իսկ թե ինչ ծավալով են գետից ջուր վերցնում և վաճառում՝ գիտեն միայն ՋՕԸ-երը, իսկ պետությունը վերահսկողություն չի սահմանում։ 

 


«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ն հարցում էր ուղարկել դատախազություն՝ ստանալու տեղեկատվություն, թե ինչ փուլում է գտնվում նախկինում ՋՕԸ-երում հայտնաբերված 3,6 մլրդ դրամի չարաշահումները, ի պատասխան նշվել է, որ նույնիսկ մեկ դրամ գումար չի վերադարձվել պետությանը։ 


Իսկ ինչ վերաբերվում է օլիգարխների կողմից իրենց ՀԷԿ-երի համար ջուր գողանալուն, ապա այստեղ էլ առաջընթաց չկա: Այդ գործի վրա իշխանությունները չեն բռնացրել գեթ մեկ օլիգարխի և չի բացառվում, որ օլիգարխների ապօրինությունները հովանավորվում են ամենաբարձր մակարդակով, այդ իսկ պատճառով էլ ձեռնտու է մեղադրանքների սլաքը թեքել դեպի խեղճ ու կրակ գյուղացին…