«Քննիչը փորձում էր ինձ համոզել, թե ա՛յ, եթե աշխատանքից ազատման դիմում գրեիր ու նոր հաղորդում տայիր, դա նոր կդիտվեր պաշտոնի չարաշահում։ Իսկ, որ Շենագավիթի թաղապետարանի շենքում երեք բարձաստիճան ղեկավար անձ խուլիգանաբար քաշքշում, հարվածում և գցում է գետնին աշխատակցին, դա միջանձնային հարաբերություններ է։ Երևի ընկնելիս՝ ձեռքիս տեղը գլուխս պիտի վնասվեր, որ գործին ընթացք տար։ Խելքի աշեցեք․․․ Էս դիմումս էլ ձեզ նվեր»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շենագավիթի թաղապետարանի համակարգչային օպերատոր Գևորգ Պողոսյանը՝ անդրադառնալով թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի գործողությունների դեմ ծեծի համար հարուցված քրեական գործը՝ ապացույցների և հանցակազմի անբավարարության հիմքով կարճելուն: Նա նաև կից փաստաթուղթ է ներկայացրել, որտեղ նշում է, որ աշխատանքից ազատման դիմում է գրել։

 
 

Ավելի վաղ, ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Գևորգ Պողոսյանը նշել էր, որ գործը կարճելու հետ կապված հովանավորչություն է տեսնում․ «Եթե իրենց պետք լիներ՝ բավարար ապացույցը կգտնեին, գործ կհարուցեին։ Մինչև վերջ գնալու եմ, որպեսզի թաղապետն ու նրա տեղակալը պատժվեն»,- ասել էր Պողոսյանը։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն էլ նշել էր՝ ապացուցվել է, որ իրենք ոչ ոքի ծեծի չեն ենթարկել և մտահոգություն էր հայտնել, թե ինչու սուտ մատնության մասով Գևորգ Պողոսյանը պատասխանատվության չի ենթարկվում։ Նշենք, որ միջադեպի պատճառն այն է, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում որպես համակարգչային օպերատոր աշխատող Գևորգ Պողոսյանին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանն ու նրա տեղակալ Համլետ Գրիգորյանն ասել են, որ նա պետք է աշխատանքից ազատման դիմում գրի, սակայն վերջինս մերժել է, ինչից հետո, ինչպես Գևորգ Պետրոսյանն է ասում, պաշտոնյաները գործի են դրել բռունցքները և ծեծելով՝ մարմնական վնասվածքներ հասցրել իրեն։ Սակայն, Ռազմիկ Մկրտչյանը շարունակ պնդում էր, որ ինքն ու իր տեղակալը որևէ բռնություն և ճնշումներ չեն կիրառել Գևորգ Պողոսյանի նկատմամբ։