Մայիսի 16-ին կայացած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր չորրորդ «100 փաստը»: Փաստերի շարքում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև բենզինի և դիզելային վառելիքի գնային տատանումներին: Իր 47-րդ փաստում նշում է. «2019 թվականին դիզելային վառելիքի շուկայում գրանցվել է զգալի փոփոխություն. մասնավորապես, դիզելային վառելիք ներկրողների թիվն ավելացել է 11-ով՝ 6-ից դառնալով 17, իսկ խոշոր ներկրող ընկերությունների մասնաբաժինը կրճատվել է 5 տոկոսով՝ 97-ից դառնալով 92 տոկոս։ Մրցակցության ավելացումը, մի կողմից, և վառելիքի գների համաշխարհային միտումները, մյուս կողմից, իրենց ազդեցությունն են ունեցել Հայաստանում նավթամթերքի գների նվազման վրա․ 2018 թվականի մայիսի դրությամբ դիզելային վառելիքի գինը եղել է 470 դրամ, իսկ 2020 թվականի մայիսին՝ 300 դրամ։ Մեկ տարվա ընթացքում մոտ 38 տոկոսով նվազել է նաև բենզինի գինը՝ 420 դրամից նվազելով մինչև 280 դրամ»:

Սա պարզ ջրի մանիպուլյացիա էր, թերևս միայն այն պատճառով, որ կառավարությունը որևէ կերպ բենզինի գնի իջեցման հետ առընչություն չի ունեցել և դա կապված է եղել նավթի շուկայում գնային փոփոխությունների հետ: Սակայն, ուշագրավ է, որ կառավարության այդ ձեռքբերումն այսօր 100 կետերից կարելի է դուրս հանել, այն պարզ պատճառով, որ բենզինը վերջին օրերին կտրուկ թանկացել է:

Մեկ այլ կետ նույնպես կորցրել է իր ակտուալությունը: 2019 թվականին հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6 տոկոս: Այսօր մենք ունենք անզեն աչքով նկատվող տնտեսական ցուցանիշների գահավիժում:

Երրորդ ոչ ակտուալ կետը՝ 2019 թվականին Հայաստանի տնտեսության մեջ ամենաբարձր աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտը' նախորդ տարվա համեմատ աճելով 27.2 տոկոսով: Այսօր, իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, այս ոլորտները ամենատուժածն են և գրանցում են երկնիշ անկում:

2020 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ բյուջեի եկամուտները գերակատարվել են 8.9 մլրդ դրամով։ Այսօր մենք արդեն իսկ բյուջեի եկամուտները հավաքագրելու լրջագույն խնդրի առաջ ենք կանգնած:

2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործող հարկ վճարողների թիվը կազմել է շուրջ 138000 սուբյեկտ, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է շուրջ 27000-ով։ Համավարակի հետևանքով գործազուրկների թիվը կավելանա 40 հազարով, և նրանց մեջ մեծ թիվ են կազմում նաև անհատ ձեռներեցներ, որոնք, պարզապես չունենալով այլ ելք, փակում են բիզնեսները:

Ինչպես տեսնում ենք՝ 100 հայտնի կետը ներկայացնելուց ընդամենը մի քանի ամիս անց դրանցից առնվազն 5-ն արդեն իսկ ակտուալ չեն և կարող են հանվել ցանկից…