Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաման է ստորագրել, որով զբաղեցրած պաշտոններից ազատվել են Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի միանգամից 10 աշխատակից: Ընդ որում, ուշագրավ է, թե հատկապես որ վարչություններն էին ղեկավարում այդ 10 զոհերը. հենց այն վարչությունները, որոնք տրամաբանորեն պետք է վերջին օրերին լծված լինեին իրենց բուն աշխատանքային պարտականությունների կատարմանը և համակարգեին սփյուռքի գաղթօջախներում ծավալված պայքարը: Հետհեղափոխական Հայաստանում սա առաջին դեպքն է, երբ վարչապետը մեկ օրում նման լայնածավալ չիստկա է կազմակերպում: Ճիշտ է, ազատվածներից չորսը վերանշանակվել են այլ պաշտոնի՝ նույն կառույցում, սակայն պաշտոնի իջեցումն անզեն աչքով էլ ակնհայտ է:

Ուշագրավ է, որ վարչապետի այս պոռթկումը տեղի է ունենում մի ժամանակ, երբ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վայելում է արձակուրդը: Հետաքրքիր է, թե ինչ պետք է փոխվի կառույցում, եթե չի փոխվում այդ կառույցի աշխատանքի որակի և արդյունավետության համար թիվ մեկ պատասխանատուն: Տպավորություն է, որ այդ 10 հոգին ընդամենը քավության նոխազներ էին, իսկ Սինանյանը որևէ կապ չունի իր գոյությունը որևէ կերպ չարդարացնող այս կառույցի հետ:

Սահմանային լարվածության օրերին Սինանյանը մի պահ հայտնվել էր, սակայն ոչ թե օրվա թեմայի շուրջ հայտարարություն անելու, այլ իրեն քննադատողներին պիտակավորելու համար: Նա համոզված է, որ իր ղեկավարած կառույցի աշխատանքները քննադատողները կա՜մ բացասական մարդիկ են, կա՜մ ծախված են: Հետաքրքիր է՝ մեկ օրում Սինանյանի կառույցի 1/3-ին աշխատանքից ազատած վարչապետը այդ երկու խմբերից ո՞ր մեկին է պատկանում, հիմա Փաշինյանը բացասակա՞ն մարդ է, թե՞ ծախված է՝ Սինանյանի տրամաբանությամբ: Մի բան ակնհայտ է. վերջին շրջանում Զարեհ Սինանյանին հրաժեշտ տալու մասին ակտիվորեն շրջանառվող լուրերը, կարծես թե, սկսվում են միս ու արյուն ստանալ…