Մաշտոցի պուրակի կանաչ հատվածը բետոնապատելու, դա ինչ-որ օբյեկտով փոխարինելու նախկին իշխանությունների ժամանակները, թերեւս, վերադարձել են: Մաշտոցի պուրակում ծառահատում եւ շինարարական աշխատանքներ են սկսվել, ճիշտ այնպիսին, ինչիսին ութ տարի առաջ էր, երբ օլիգարխիկ-բիզնես շահերը փորձում էին դոմինանտել բնապահպանական խնդիրներին, բնապահպանները, ակտիվիստները օրեր շարունակ բողոքի ակցիաներ էին իրականացնում, լուսացնում էին Մաշտոցի պուրակում: Նրանց թվում էր այն ժամանակ Կարգին Հայկոն, այսօր' քաղաքապետ Հայկ Մարությանը: Պայքարը ձգվեց այնքան, մինչեւ հասան բաղձալի հաղթանակի եւ իշխանություններից ազատագրեցին պուրակը: Իսկ Սերժ Սարգսյանը ստիպված եղավ բեմադրել իր ամենահիշարժան ներկայացումներից մեկը՝ «Տարոն ջան, սիրուն չի» հանրահայտ արտահայտության գլխագրով:

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը հենց այս կոնտեքստում 2012-ի «մաշտոցյան» ակցիաներից տեսանյութեր է պեղել ու հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայիս անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանն է, որը պայքարում էր Մաշտոցի պուրակի համար՝ գոռալով․ «Տարոն, հեռացի՛ր», «ամոթ, ամոթ»»։ Իսկ հիմա նա լուռ է: Լուռ են նաև իր գործընկերները, «Իմ քայլից» ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լառա Ահարոնյանը և շատ ու շատ այլ ակտիվիստներ, ովքեր նախկինում պայքարում էին պուրակի ազատագրման համար:

Սակայն, նշենք, որ Մաշտոցի պուրակը միակ լակմուսի թուղթը չէ, որն ի ցույց է դնում այն հանգամանքը, որ, իշխանության գալով, Իմքայլականները մոռանում են իրենց ակտիվիստական անցյալը: Օրինակ՝ Լենա Նազարյանը մոռացել է Ամուլսարի շահագործման դեմ իր պայքարը, այսօր նա լռում է, երբ ակնհայտ է որ իշխանությունները ձգտում են օր առաջ հասնել հանքի շահագործմանը, սորոսական Դանիել Իոաննիսյանը ժամանակին դեմ էր բոլոր տեսակ հանքերի շահագործմանը, այսօր կողմ է Ամուլսարի բացմանը: Այսօր իշխանության մեջ եղած մարդիկ ժամանակին դեմ էին կուտակային կենսաթոշակային համակարգին, դեմ էին հոսանքի թանկացմանը և մասնակցում էին «Էլեկտրիկ Երևան» շարժմանը, նրանց թվում էր նաև Հայկ Մարությանը: Մարությանը ակտիվորեն մասնակցում էր նաև ուղեվարձի թանկացման դեմ ակցիաներին, որոնք կազմակերպվում էին Երևանում, իսկ այսօր լրջորեն քննարկում է ուղեվարձը թանկացնելու գծատերերի պահանջը: Ակտիվստ էր նաև Թագուհի Ղազարյանը, ով այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է:

Տպավորություն է ստեղծվում, որ Ամուլսարի, Մաշտոցի պուրակի պահապանների պայքարը որևէ աղերս չուներ սկզբունքայնության հետ, այլ ընդամենը դասական պաշտոնակռիվ էր և քաղաքական դիվիդենտներ հավաքելու ցանկություն: Եվ այն, ինչը սիրուն չէր նախկին իշխանությունների կատարմամբ, այսօր, ըստ իրենց, անչափ վայելուչ տեսք ունի՝ իրենց կողմից իրագործվելիս...