Սարի թաղի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք արդեն 15 տարի պայքարում են քանդված տների դիմաց փոխհատուցում ստանալու համար:

«Տասը տարուց ավել ա մեր տների տակով ընդերային ջրեր են գնում, տունը փլուզման եզրին ա, ու էդ տներում ավելի քան քսան անչափահաս երեխեք են բնակվում: Հիմա տների հարցի վերաբերյալ խնդիր ունենք, մեզ հետ դիմում ենք բերել, որ տանք: Քաղաքապետարան դիմել ենք, Հայկ Մարությանը ասել ա՝ մենք ոչ մի բան չենք կարա անենք, ցավում եմ. ցավալով ի՞նչ հարց ա լուծվում: Հիմա սպասում են, որ տները փլվե՞ն, մարդ մահանա՞, նոր ասեն՝ վայ էս ինչ եղա՞վ: 2009 թվականին մեր շենքի հետևի կողմի բնակիչներին տներ հատկացրեցին, հիմա էլ մենք ենք խնդրում, որ մեզ տներ տան, թե չէ տները կփլվեն, երեխեքը կմնան տակը»,- ասաց ցուցարար Վահրամ Ավդալյանը:

Սարի թաղի մեկ այլ բնակչուհի էլ ասաց, որ իր տան պատը արդեն 3ամիս է, ինչ քանդված է, տանն էլ 6 անչափահաս կա. «Ես իմ ուժերով ինչքան կարողացա վերանորոգեցի, բայց չի անցել դեռ երեք ամիս՝ նույն տեղից նույն փլուզումները լինում են: Ես ոչ մի աջակցություն չեմ ստացել ոչ մի տեղից, որ կարողանամ տունս նորից վերանորոգել, ես ի՞նչ անեմ, ու՞ր ուղարկեմ երեխեքիս, հնարավորություն չունեմ նոր տուն առնելու: Վարկեր եմ վերցրել տանս վերանորոգման համար: Նոր կառավարությանը չէի դիմել, որովհետև հույս չունեի, որ էս խնդիրը կլուծվեր, մինչև որ տունս չփլվեց»,- ասաց բնակչուհին:

«10-րդ հոդվածի 2-րդ կետում գրված ա, որ ընդերքն ու ջրային ռեսուրսները պատկանում են պետությանը: Պարո´ն պետություն, խնդրում եմ, քո ջուրը իմ տան տակից հանի´, իմ տունը վերականգնի´, էդքան բան եմ ուզում»,- ասաց տարեց ցուցարարը: