Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYSN.com-ը:

Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և MAN մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Մահացածներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը: