Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են Բելառուսում ստեղծված իրավիճակն ու կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցությանը վերաբերող հարցեր՝ հաշվի առնելով Ռուսաստանում պատվաստանյութի գրանցման փաստը:

Էմանուել Մակրոնն իր մտահոգությունն է հայտնել Բլառուսում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի, քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառման կապակցությամբ և երկխոսության կոչ արել։

«Երկրի նախագահը մեծ մտահոգություն է հայտնել բելառուսում իրավիճակի և քաղաքացիների նկատմամբ բռնության կիրառման կապակցությամբ։ Նա ընդգծել է երկխոսություն գտնելու անհրաժեշտությունը»,- ասված է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Երկրների առաջնորդները նաև անդրադարձ են կատարել Լիբանանում առկա վիճակին՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներին աջակցելու համատեքստում: