Ընդդեմ Ամուլսարի շահագործման ակցիայի մասնակից է դարձել նաև հասարակական գործիչ Անդրիաս Ղուկասյանը։

«Այսօր մեր գլխավոր նպատակն է իրազեկել ողջ հանրությանը՝ այդ թվում և պաշտոնյաներին, որ Հայաստանում դեռևս 1952-1954 թվականներին Ամուլսարում կատարվել էին երկրաբանական հետախուզական աշխատանքներ և հայտնաբերվել էր ուրան, այդ զեկույցը իմ ձեռքում է և այն բերել եմ՝ վարչապետին փոխանցելու համար։ Ըստ այս զեկույցի՝ 54 թվականին հայտնաբերվել է 76 տոննա ուրան, որը բավականին մեծ քանակ է։ Ըստ էության՝ այդ տարածքը, որտեղ հայտնաբերվել է այդքան ուրան, պատկանում է «Լիդիան Արմենիային» և ըստ դրա, այնտեղ «Լիդիան Արմենիան» իր գործունեությունն է ծավալում»,- այս մասին այսօր կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց նա։

Անդրիաս Ղուկասյանը ասաց, որ զեկույցը պատրաստվել է 1954 թվականին, այն եղել է հույժ գաղտնի, եղել է 4 օրինակով, և, որ իր մոտ 2-րդ օրինակի պատճենն է, իսկ զեկույցը իրեն են փոխանցել մի խումբ գիտնականներ անցյալ տարի։

Նա հիշեցրեց նաև «Էլարդ» ընկերության դեպքը, որը հանրային հնչեղություն ստացավ, ինչպես նշեց Անդրիաս Ղուկասյանը, հենց իրենց՝ «Հայ կառուցողական» կուսակցության շնորհիվ․ «Փորձագիտական փաստաթղթերի մեջ բացակայում էր որևէ հիշատակում ուրանի վերաբերյալ, և հենց սա պատճառ դարձավ, որ գիտնականները այս զեկույցը ուղարկեն մեզ։ Նրանք խնդրեցին մեզ, որ այն հրապարակենք։ Քանի որ մենք ողջամիտ ենթադրություն ունեինք, որ «Էլարդի» փորձագիտական եզրակացությունից հետո կասեցվելու է «Լիդիանի» հանքը օգտագործելու իրավունքը, մենք այդ ժամանակ սա չհրապարակեցինք։ Այսօր կարևոր ենք գտնում այս զեկույցի հրապարակումը, որովհետև տեսնում ենք, որ կա մտադրություն այդ հանքը վերաբացելու և աշխատանքներ սկսելու»,- պարզաբանեց նա։

Ըստ ակտիվիստի՝ կարծես թե բոլորը տեղյակ են Ամուլսարի խնդրից, բայց իրականում՝ ոչ ոք չգիտի այն․ «Ամուլսարի անունը արդեն իսկ վկայում է այն մասին, որ այնտեղ կենդանաբանական աշխարհ չի էլ եղել, դա ռադիոկատիվ սար է։ Այսօր մեր առջև այդ ռադիոակտիվ սարի պահպանելու խնդիրը դրված չէ, այլ՝ վերացնել բոլոր այն ռիսկերը, վտանգները, որոնք սպառնում են ողջ հայ ժողովրդին, եթե այդ ռադիոակտիվ սարը սկսի օգտագործվել»,-ընդգծեց Անդրիաս Ղուկասյանը։