Մինչ Հայաստանում կորոնավիրուսային համաճարակի հետևանքով խորանում է տնտեսական ճգնաժամը, վատթարանում է մարդկանց սոցիալական վիճակը և պաշտոնական տվյալների համաձայն` տասնյակ հազարավոր քաղաքացիներ շարունակում են գործազուրկ մնալ, պետական կառույցներում չի դադարում պարգևավճարներ ստանալու պրակտիկան։ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 3-ին ստորագրել է Կ-83-Ա կարգադրությունը, որով միանվագ դրամական խրախուսմամբ աշխատավարձի 125 տոկոսի չափով պարգևատրել է Ազգային ժողովի աշխատակազմում մի շարք պետական ծառայողների և աշխատակազմի մի շարք աշխատողների։ Պարգևատրման ընդհանուր գումարի չափը կազմել է 148.210.030 դրամ, որը համարժեք է մոտ 304 հազար ԱՄՆ դոլարին։ 

 


2019 թվականի դեկտեմբերին Արարատ Միրզոյանի հրամաններով Ազգային ժողովի պատգամավորները՝ խոսնակի գլխավորությամբ, աշխատակազմի պետական ծառայողները, աշխատակազմի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են աշխատավարձի 100%-ի չափով՝ 2 անգամ, 30%-ի և 20%-ի չափով մեկ անգամ, այսինքն՝ 4 անգամ ստացված պարգևավճար՝ մեկ ամսում: Պարգևավճարներից մեկ անգամ 100%-ի չափով հատկացումը եղել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մյուս հատկացումների և խրախուսումների պատճառները նշված չեն: Ավելին, նման դեպք է տեղի ունեցել նաև այս տարվա փետրվարին: Աշխատակազմը պարգևատրվել է նաև սահմանված աշխատավարձի 100 տոկոսի չափով: 


Ընդհանուր առմամբ այս տարվա հունվարին ԱԺ աշխատակազմի մի շարք աշխատողների աշխատավարձի 100 տոկոսի չափով պարգևատրելու համար, Միրզոյանի կարգադրության համաձայն, փոխանցվել էր շուրջ 60 միլիոն դրամ։ 2019-ին ԱԺ աշխատակազմը պարգևատրվել էր 16 անգամ, իսկ ընդհանուր ֆոնդը կազմել էր ավելի քան 890 միլիոն դրամ կամ՝ յուրաքանչյուր անգամ հատկացված պարգևավճարների միջին գումարը եղել էր շուրջ 55 միլիոն դրամ։ 2017 թվականի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից 73 հոգի ստացել է պարգևատրում ընդամենը 33.077.880 ՀՀ դրամի, 2018 թվականի ընթացքում՝ 89 հոգի՝ ընդամենը 61.675.550 ՀՀ դրամի չափով: 2019 թվականի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները պարգևատրվել են ՀՀ Ազգային ժողովին ՀՀ պետական բյուջեից այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին (ֆոնդից)՝ ամսական պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով: 


Նախկինում ԱԺ աշխատակազմի պարգևատրումների մասին տեղեկատվություն չկա, բայց, դժվար թե, անգամ նախկին իշխանության օրոք աշխատակազմը պատգամավորներից շատ պարգևատրվեր, հետևաբար պետք է ենթադրել, որ այդ թիվը տասնապատիկ անգամ նվազ էր: Հետաքրքիր է, որ Նոր Հայաստանում ԱԺ աշխատակազմը սկզբում կրճատեցին, հետո կրկին ուրճացրին, այնուհետև նորից կրճատեցին՝ կատարելով անհասկանալի մանիպուլյացիաներ, սակայն արդյունքում միևնույն է՝ այսօր ԱԺ-ում պարգևատրումները հարյուրավոր միլիոններ գերազանցում են մինչ հեղափոխական շրջանի ԱԺ պարգևատրումներին: