Hraparak.am-ը գրում է.

Օրեր առաջ ԱԺ փոխնախագահ, իմքայլական Ալեն Սիմոնյանը հարցազրույց էր տվել «Հրապարակ» օրաթերթին ու, մեղմ ասած, նախշել Սորոսին ու Սորոսի հիմնադրամին, որը Հայաստանում բազմաթիվ շահառուներ ունի։ Այդ շահառուներն այսօր, չգիտես ինչու, ժողովրդավարության անվան տակ Հայաստանում օրակարգ են թելադրում, բազմաթիվ պատգամավորներ ունեն ԱԺ իշխանական խմբակցությունում, պաշտոնյաներ՝ գործադիրի տարբեր օղակներում։ Կարճ ասած՝ բաժին ունեն այսօրվա իշխանության մեջ, որովհետեւ երկու տարի առաջ աջակցել են հեղափոխությանը։ Ու այսօր նրանց դիպչելը, պարզվում է, մեծ մեղք է, հնդիկների «սուրբ կովի» նման՝ ոչ ոք իրավունք չունի Սորոսին ու սորոսականներին թթու խոսք ասել։

«Կրկնեմ՝ Սորոսը, իրա հերը կամ որեւիցե մեկն ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»,- մեզ տված հարցազրույցում ասել էր Ալեն Սիմոնյանը՝ փաստացի համարձակվելով սորոսականներին իրենց տեղը ցույց տալ հայկական քաղաքական երկնակամարում։ Պարզվում է, սորոսականները դա շատ ծանր են տարել՝ «Բաց հասարակության հիմնադրամի» նախագահ Լարիսա Մինասյանն օգոստոսի 14-ին նամակ է հղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որտեղ վերջնագրի տոնով առաջարկել է Ալեն Սիմոնյանին պատժել՝ էթիկայի հանձնաժողով ձեւավորել, լսումներ կազմակերպել։

«Դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ նախաձեռնել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորում եւ լսումներ՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից ս․թ․ օգոստոսի 20-ին «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում արված հայտարարությունների վերաբերյալ։ Ես համոզված եմ՝ Դուք կիսում եք այն տեսակետը, որ հարցազրույցը ոտնահարում է էթիկայի բոլոր նորմերը թե իր լեզվական եւ բառապաշարային դրսեւորումներով, ինչպես նաեւ արտահայտած բովանդակությամբ։ Կարծում եմ՝ լեգիտիմ ընտրված իշխող ուժն ունի ավելի պատվաբեր փաստարկներ իր կառավարմանը տիրապետելուն, քան «Բաց հասարակության հիմնադրամների» նախագահ Ջորջ Սորոսին վիրավորելը եւ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը վարկաբեկելը»,-գրել է Լարիսա Մինասյանը՝ իր գրավոր խոսքում թույլ տալով կետադրական ու քերականական մի շարք սխալներ եւ սխալ գրելով հարցազրույցի տպագրության ամսաթիվը։

Նա նաեւ նկատել է․ «Եթե պարոն Սիմոնյանը զուտ մրցում է Նարեկ Մալյանի «ՎԵՏՈ» նախաձեռնության հետ, ապա կարելի է միայն արձանագրել ցավալին եւ անհավանականը՝ նա կարողացավ քաղաքական բանավեճի բարոյական նշաձողն իջեցնել վերջինիս սահմանած ռեկորդից ավելի ցածր»։

Վերջում տիկին Լարիսան գրել է․ «Ես կարծում եմ, որ խնդիրն արժանի է լուրջ ուշադրության, քանի դեռ այն չի շահարկվել մամուլում, եւ ես ակնկալում եմ Ձեր անդրադարձը դրան եւ ամենայն հարգանքով խնդրում եմ նախաձեռնել էթիկայի հանձնաժողովի ձեւավորում եւ լսումներ այս հարցի շուրջ»։

Փաստորեն, տարիներ ի վեր Հայաստանում խոսքի ազատության ու ժողովրդավարության «ջատագով» եւ այդ նպատակի համար գրանտներ տրամադրած հիմնադրամը նեղվել է իշխանական պատգամավորի խոսքի «ազատությունից» եւ առաջարկում է կարծիք հայտնելու համար պատժել նրան։ Նաեւ՝ խոսքի ազատությունը սորոսականների համար ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է իրենց հասցեին քննադատությունը։ Խոսքի ազատությունը տիկին Լարիսայի եւ մյուս սորոսականների համար միայն Սերժ Սարգսյանին ու նրա իշխանությանը հայհոյելն է, երբ հերթը հասնում է իրենց, դա արդեն էթիկայի խախտում է։

Մյուս կողմից, այս հայտարարությամբ Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակը եւս մեկ անգամ ապացուցում է, որ իրենք իշխանության մաս են կազմում եւ այսպես անուղղակիորեն կարող են միջամտել իշխանությունների գործառույթներին ու թելադրել, որ հանձնաժողով ձեւավորեն՝ իրենց խաթրին դիպչողներին պատժելու համար։ Սպասենք Արարատ Միրզոյանի եւ Նիկոլ Փաշինյանի արձագանքին։ Տեսնենք, թե մինչեւ ուր կարող է հասնել սորոսականների հանդգնությունը։