Օգոստոսի 18-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Արմենակյան ու Գարեգին Հովսեփյան փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել։

Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Մարաշի քրեական հետախույզները տեղում պարզեցին, որ տարածքից շտապօգնության մեքենայով 25-ամյա երիտասարդ է տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայրի զննությամբ արնանման հետքեր ու պարկուճ հայտնաբերվեց, իսկ Հերացու փողոցում ՝ հիվանդանոց տեղափոխված երիտասարդի «Օպելը»։

Պարզվեց, որ կրակոցներն արձակվել են գազային ատրճանակից։ Շուտով հայտնի դարձավ նաեւ կրակողի ինքնությունը։

Կասկածվողը ներկայացավ տարածքային քննչական բաժին, տվեց խոստովանական ցուցմունք ու իրավապահներին հանձնեց առանց գործարանային համարի կրակող սարք, որն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։