Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը որոշել է պահպանել կառավարման խորհրդարանական մոդելը, հրաժարվել կայուն մեծամասնության հոդվածից: Առաջին հայացքից թվում է, որ այդ հոդվածից հրաժարվելը բխում է ընդդիմադիր ուժերի շահերից, քանի որ խորհրդարանում փաստացի վերանալու է մեկ ուժի դոմինանտությունը: Սակայն խնդիրը թերևս այլ է, և Փաշինյանի շտապողականությունը նույնպես ունի այլ բացատրություն: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները սարերի հետևում չեն և Փաշինյանը ձգտում է ունենալ այնպիսի ընտրական համակարգ, որի դեպքում կբացառվեն այն սցենարները, որոնք հնարավոր են այսօր, օրինակ՝ երկրորդ փուլերը, երբ առաջին փուլում բավարար ձայն չստացած կուսակցությունը երկրորդ փուլում մրցում էր երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական ուժի հետ, եթե այդ դեպքում էլ հաղթողին չէին վերհանում, ապա նշանակվում էին նոր ընտրություններ:

Եթե նման սցենար սահմանադրությունը փոխելուց հետո դեռ չի գրանցվել, դա չի նշանակում, որ այդ սցենարը բացառված է: Մյուս կողմից Փաշինյանը փորձելու է գտնել ուղիներ՝ բացառելու այն տարբերակը, որը աշխատեց 2018-ին, երբ վարչապետը ընտրվեց փոքրամասնության կողմից՝ կայուն մեծամասնության լղոզման արդյունքում:
Հանձնաժողովը կարծես թե որոշել է անցում կատարել համամասնական ընտրական համակարգի, իսկ դա նշանակում է, որ ջրի երես են գալիս Նիկոլ Փաշինյանի վախերը՝ կապված իր ռեյտինգային թեկնածուների ներուժի հետ: Փաշինյանը հասկանում է, որ հեղափոխությունից անմիջապես հետո ՔՊ-ական թեկնածուների հավաքած ձայները իր ձայներն էին, իսկ հեղափոխությունից երկու տարի անց հանրային հիասթափության «առյուծի բաժինն էլ» հենց իրենցն է և դա է պատճառը, որ քաղաքական թեժ աշնանը ընդառաջ Նիկոլ Փաշինյանը ապահովագրում է իրեն՝ հավանական արտահերթ ընտրություններում ջախջախիչ պարտություն կրելուց…