Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ հայոց նախկին ու ներկա կաթողիկոսների մասին ներկայացրածը խոսքի ազատության չարաշահում է, որն անընդունելի եւ դատապարտելի է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

Ստորեւ ներկայացնում ենք Վահրամ Մելիքյանի հետ NEWS.am-ի հարցազրույցը.

Վերջին օրերին Հայկական հուշարձանների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սամվել Կարապետյանը հրապարակում է տեսագրություններ, որոնցով իր հուշերն է ներկայացնում Վազգեն Առաջին, Գարեգին Առաջին, Արամ Առաջին եւ Գարեգին Երկրորդ կաթողիկոսների հետ հանդիպման: Դուք դիտել եք այդ տեսաձայնագրությունները եւ ինչպիսի գնահատական կտաք դրանց:

Այո, այդ չորս տեսաձայնագրությունները դիտել եմ եւ իրականում բնավ չէի ցանկանա անդրադառնալ վիրավորական մատուցմամբ այդ շինծու եւ երեւակայական նյութերին: Ցավալի է, որ հայոց սրբավայրերի (իր ընկալմամբ հուշարձանների) ուսումնասիրությամբ զբաղվող տիար Կարապետյանը իր ողջ ներուժը ծառայեցնում է նման նենգամիտ նպատակի' վարկաբեկել Հայոց Եկեղեցին' սեւացնելով նրա արդեն հանգուցյալ եւ ներկայիս գործող գահակալներին:

Խստագույնս դատապարտելի է փորձել ստվերել Վազգեն եւ Գարեգին կաթողիկոսների եւ Արմեն Հախնազարյանի հիշատակը, ինչպես եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հեղինակությունը: Այդ «հուշապատումները», որ ներշաղախված են անհասկանալի մաղձով, պտուղն են իր խեղված սուբյեկտիվ ընկալումների:

Եթե ավելի հստակ անդրադառնանք հնչեցվող մեղադրանքներին…:

Անշուշտ, բոլոր պարագաներին հարկ չեմ էլ համարում անդրադառնալ, սակայն թերեւս նշեմ մի քանիսը, որոնք ակնհայտորեն փաստում են ներկայացվածի կեղծ լինելը: Նախ' Վազգեն Վեհափառին ներկայացվող «անհավատների երկրում» հորջորջման անհեթեթ մեղադրանքը եւ Լեռնային Ղարաբաղի կացությանն անտեղյակության վերաբերյալ վերագրումները: Սեփական անտեղյակությունը չպետք է վերագրել կաթողիկոսին, որովհետեւ նույն Վազգեն Կաթողիկոսը 1957 թ. սեպտեմբերին հովվապետական այցով եղել է Ադրբեջանի հայոց թեմում' ձեռքին ունենալով Արցախի թեմի վերջին առաջնորդ Վրթանես ծայրագույն վարդապետի մանրամասն զեկույցը թեմում տիրող իրավիճակի մասին: Նույն Վազգեն Կաթողիկոսը հանդիպում է ունեցել ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Ն. Բուլգանինի հետ եւ երկու անգամ նամակ է հղել վերջինիս Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու, ինչպես նաեւ Սուրբ Էջմիածնին Ղարաբաղի մի քանի եկեղեցիներ, այդ թվում' Գանձասարի վանքը փոխանցելու պահանջով: Նույն Վազգեն Կաթողիկոսն ընդհուպ մինչեւ Արցախյան շարժում մշտապես եկեղեցականներ է ուղարկել Արցախի տարբեր համայնքներ' կապ պահպանելու եւ տեղեկանալու տիրող կացությանը:

Ուշիի Ս. Սարգսում կատարվող պեղումների եւ Ս. Սարգսի մասունքների առնչությամբ կարծում եմ լավագույնս լուսաբանություններ են տվել Մայր Աթոռի մասունքների ավանդատան պատասխանատու Ասողիկ քահանա Կարապետյանը եւ ճարտարապետ Արտակ Ղուլյանը, ով ի տարբերություն Ս. Կարապետյանի իրապես մասնակցել է պեղումներին: Զարմանալի է նաեւ Գարեգին Բ Կաթողիկոսին վերագրվող ցանկությունը' Խորեն Մուրադբեկյան Կաթողիկոսի աճյունը այլ վայր փոխադրելու եւ նոր մասունքներ ապահովելու Հայ Եկեղեցու համար: Այստեղ ակնհայտ է ժամանակագրական անճշտությունը, որովհետեւ Խորեն Կաթողիկոսի աճյունը երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք է Ս. Գայանե վանքից փոխադրվել Մայր Տաճարի շրջափակ:

Ավելորդ է խոսել Արցախի երեխաներին Գարեգին Ա Կաթողիկոսի բաշխած օրհնության կարեւորության մասին: Արցախի ժողովուրդը քաջ գիտի, թե որքան օգնություն է իրեն ապահովել Հայոց Եկեղեցին, բայց եւ ավելիով գիտակցում է, թե որքան կարեւոր է իրեն համար Աստծու եւ Հայոց Հայրապետի օրհնությունը: Ցավոք, Ս. Կարապետյանի համար օգնությունն ավելի շոշափելի է, քան օրհնությունը, սրբավայրը սոսկ հուշարձան է, ինչն ընկալելի է դարձնում նրա մերժողական կեցվածքը Եկեղեցու հանդեպ:

Ինչ վերաբերում է Գարեգին Բ Վեհափառի հասցեին հնչեցվող մեղադրանքներին ու «ապշեցուցիչ բացահայտումներին», ապա նախորդիվ Հայրապետին վերագրված «էն սարերում գտնվող եկեղեցիների ու վանքերի հետ ես գործ չունեմ» արտահայտության առնչությամբ բազում առիթներ եմ ունեցել դիտարկումներս ներկայացնելու: Պարզապես պետք չէ սեփական բառապաշարը, անտեղյակությունը ու ընկալումները վերագրել ուրիշին, խեղաթյուրել պատմությունը եւ սեփական փառասիրության բավարարման ճանապարհին ոտնահարել ամենը:

Սամվել Կարապետյանի ներկայացրածը բարբաջանք է, խոսքի ազատության սոսկ չարաշահում, կատարածը' անընդունելի եւ դատապարտելի: