Ինչպես արդեն հայտնել էինք, Տավուշում օրեր առաջ պապի կողմից ծեծի ենթարկված 6-ամյա երեխան մահացել է:

Հիշեցնենք, որ ծեծի ենթարկված 2 երեխաների ընտանիքը մասնակցել էր «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդմանը: Այդ հաղորդմանը մասնակցած փորձագետներից էր նաև իրավապաշտպան Նարե Արամյանը:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում  Նարե Արամյանն ասաց, որ մահացած երեխայի ընտանիքն ունի մի շարք ինչպես առողջական, այնպես էլ հոգեկան խնդիրներ. «Ընտանիքը ինձ վրա թողել է սարսափելի տպավորություն, ասեմ ավելին, ընտանիքն ունի թե´ մտավոր հաշմանդամության հետ կապված խնդիրներ, թե´ վարքաբանական և թե´ հոգեբանական խնդիրներ: Ընտանիքում չկա գոնե մեկ մեծահասակ անդամ, որը որևէ խնդիր այդ իմաստով չունենա»,- ասաց իրավապաշտպանը:

Նա նշեց, որ շատ անգամ է դիմել և´ համայնքապետարան, և´ քաղաքապետարան, և´ մարզպետարան, սակայն, ինչպես նշեց Նարե Արամյանը, ոչ ոք ոչինչ չի արել. «Քանի որ հաղորդումը ուղղված էր ուղիղ ոստիկանությանը երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի հանցագործության վերաբերյալ, ապա  ոստիկանությունը նույնպես արագ արձագանքման կարգով պետք է զբաղվեր այդ խնդրով, սակայն նորից ոչ ոք ոչինչ չարեց: Հասկանալի է, որ մենք սպասում ենք միշտ ինչ-որ մեկը մահանա, ցանկալի է, որ դա լինի երեխա, որպեսզի նոր ուշքի գանք. նման իրավիճակները բազմաթիվ են: Պարզ է, որ նման ընտանիքների հոգեկան և մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց հետ, առանց պարտադրանքի գործոնի, ոչինչ չի կարող լինել, իսկ պարտադրանքի լիզորություն ունի միայն պետությունը»,- ասաց Նարե Արամյանը:

Ըստ իրավապաշտպանի՝ նման ընտանիքներում մեծացող երեխաների համար մանկատունը սխալ բառ է և ամենևին էլ այն վայրը չէ, որտեղ պետք է գտնվեն երեխաները. «Պետք է լինեն խնամքի և զարգացման կենտրոններ և այդպիսի կենտրոններ մեզ, անշուշտ, անհրաժեշտ են: Ինչ վերաբերում է այն քաղաքականությանը, թե մանկատներ պետք է չլինեն, և բոլորը պետք է լինեն խնամատար ընտանիքներում, ապա ես համաձայն եմ նման որոշման հետ: Սակայն նման գործողությունները պետք է միշտ անել նախօրոք, պատրաստված, ընտրված հատուկ չափորոշիչների և առանձին մշտադիտարկումների միջոցով: Սակայն այդ ամենի համար էլ պետության նախապատրաստական և ընթացիկ աշխատանքները չափազանց թույլ են և անբավարար՝ դրական արդյունք ստանալու համար»,- ընդգծեց Նարե Արամյանը:

Մեր այն հարցին, թե կատարվածի մեջ, ի վերջո,  ո՞վ է մեղավոր, իրավապաշտպանը պատասխանեց. «Ընտանիքը կատարվածի համար պատասխանատվություն չի կարող կրել, քանի որ մեկը, որը ինքն ունի օգնության կարիք, հոգեկան, վարքաբանական և ֆիզիոլոգիական այլ համակցված խնդիրներ, չի կարող պատասխանատու լինել որևէ բանի համար: Սխալ է այդ մարդկանց թողնել ոչ միայն բազմանալ, այլև այդ երեխաներին չվերցնելն ու նրանց չհետևելը, սխալ է շարունակաբար նրանց տալ ոչ թե միանվագ, այլ ամեն երեխայի համար առանձին գումար: Այս ամենի պատասխանատվությունը, միանշանակ պետության ուսերին է, որն այսօր կորցրել է իր մանկահասակ քաղաքացուն»,- եզրափակեց իրավապաշտպանը:

 Զվարթ Պետրոսյան