Մինչեւ 2028 թվականը կստեղծվի BrahMos գերաձայնային թեւավոր հրթիռը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Բրամոս» ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության (ՀՁ) համատնօրեն Ալեքսանդր Մակսիչեւը:

«Այսօրվա դրությամբ BrahMos գերաձայնային հրթիռի ստեղծման հարցը բաժանված է երկու փուլի. առաջինը՝ 4-5 թափ արագությամբ հրթիռի ստեղծում՝ մինչեւ 2024-25 թվականները, երկրորդը՝ 6-7 թափ արագությամբ հրթիռի ստեղծում՝ մինչեւ 2026-27 թվականները»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ «Բրամոս»-ի մասնագետներն արդեն փորձարկել են հրթիռի առանձին բաղադրիչներ եւ ագրեգատներ, որոնք թույլ են տալիս այդպիսի հզորություններ զարգացնել:

«Բրամոս» ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության՝ հրթիռների արտադրության պատվերների պորտֆելը, չնայած համավարակին, կես տարվա ընթացքում ավելացել է մեկ միլիարդ դոլարով, օգոստոսի 26-ին ՌԻԱ Նովոստիին պատմել է ՀՁ-ի համատնօրեն Ալեքսանդր Մակսիչեւը: Մինչդեռ այս տարվա փետրվարին պորտֆելը կազմել է 4,5 մլրդ դոլար:

Նրա խոսքով՝ ամենաբարձր 40 տոկոսը բաժին է ընկնում ցամաքային զորքերի պատվերներին, 30-ական տոկոս բաժին է ընկնում ռազմաօդային ուժերին եւ ռազմածովային ուժերին՝ առափնյա զորքերով:

Երրորդ երկիր հրթիռների մատակարարման առաջին արտահանական պարտավորագիրն առաջվա պես պլանավորվում է կնքել մինչեւ այս տարվա վերջը, հավելել է Մակսիչեւը: «Համավարակի պատճառով մենք շարունակում ենք սպասել սահմանների բացմանը:

Երբ որ դա կարվի, պարտավորագիրն անմիջապես կստորագրվի»,-հայտարարել է գործակալության զրուցակիցը, որը հրաժարվել է նշել գնորդ երկիրը:

«Բրամոս» ռուս-հնդկական համատեղ ձեռնարկությունը, որն ստեղծվել է 1998 թվականին, մասնագիտանում է տարբեր բազավորման գերձայնային հրթիռների ստեղծման բնագավառում: