Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը կառավարության այն անդամներից է, ով պարբերաբար հանդես է գալիս մամուլի ասուլիսներով, ներկայացնելով իր աշխատանքի հաշվետվությունը և առիթը բաց չի թողնում գովերգելու իր ղեկավարած կառույցի հավակնոտ ծրագրերը: Այս ամենը ողջունելի կլիներ, եթե չլիներ այն հանգամանքը, որ ծրագրերը, որոնցով այսօր պարծենում է Հակոբ Արշակյանը սկիզբ են առել դեռ իր նախորդների՝ Գագիկ Բեգլարյանի և Վահան Մարտիրոսյանի ղեկավարման տարիներին:

Դիցուք՝ Հյուսիս-հարավը, որով այդքան պարծենում էր Հակոբ Արշակյանը, երբ դեռ տրանսպորտի և կապի նախարար էր: Արշակյանը հանդիպում էր ներդրումային ծրագրի ենթակապալառուների հետ՝ գովազդելով իրեն, մոռանալով, որ Գագիկ Բեգլարյանի կառավարման տարիներին է կառուցվել Հյուսիս-Հարավի առ այսօր միակ գործող հատվածը, իսկ նոր պոտենցիալ ներդրողների ներգրավման առաջին քայլը արել է հենց Բեգլարյանը՝ բանակցելով չինական կողմի հետ: 2018 թվականի մարտի 5-6-ը Հայաստանի նախագահությամբ անցկացվող «Տրասեկա» միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված է նաև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման հարցը, որը ներկայացրել է այդ ժամանակվա նախարար Վահան Մարտիրոսյանը: Հեղափոխությունից հետո այս հարցը նման բարձր մակարդակում այլևս չի քննարկվել, ավելին՝ Հյուսիս-հարավի կառուցման տեմպերը գրեթե զրոյի են հավասարվել:

Նախորդ տարի էլ Հայաստանում անցկացվեց ՏՏ համաշխարհային ֆորումը, որով հասցրել են փիառվել ոչ միայն նախարար Արշակյանը, այլ թավշյա ողջ թիմը: Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ Հայաստանում նման բարձր մակարդակի ֆորումի անցկացման պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ այն ժամանակ, երբ տրանսպորտի և կապի նախարար էր Գագիկ Բեգլարյանը՝ 2016 թվականին: 

Ինչ վերաբերվում է Հայփոստի արդիականացմանը, ինչով այդքան հպարտանում է նախարար Արշակյանը, ապա նշենք, որ գործընթացը նույնպես սկիզբ է առել Վահան Մարտիրոսյանի ղեկավարման շրջանում:

Ամիսներ առաջ նախարարը նաև հայտարարել էր Երևան-Գյումրի արագընթաց գնացքի ձեռք բերման մասին և անչափ պարծենում էր դրանով, սակայն ուշագրավ է, որ առաջին էլեկտրագնացքը ձեռք է բերվել 2017 թվականին նույն Վահան Մարտիրոսյանի ջանքերով, երբ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից խնդիր էր դրվել թարմացնել շարժակազմը: Մարտիրոսյանը ՌԴ այն ժամանակվա տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ անգամ մասնակցել էր առաջին գնացքի թեստ-դրայվին: 

«Ինժեներական քաղաք» ծրագիրը, որը հաջորդն է Հակոբ Արշակյանի ձեռբքերումների ցանկում օրակարգ է մտել 2017 թվականին և դեռ այն ժամանակ է հայտարարվել, որ ծրագրի նպատակն է քաղաքը դարձնել նոր գաղափարներ արարելու էկոմիջավայր: 

Իրականում Հակոբ Արշակյանի ձեռբերումները այսքանով սպառվում են, սակայն ինչպես տեսնում են՝ այդ ձեռքբերումներից և ոչ մեկը Արշակյանինը չէ: Նախարարը իր նախորդների կողմից ժառանգություն է ստացել մրցունակ և փաթեթավորված պրոյեկտներ, որոնց հաշվին էլ այսօր Արշակյանը փորձում է փիառվել և իր ու իր թիմի համար քաղաքական դիվիդենտներ հավաքել…