ԱՄՆ-ում հետախուզական արբանյակով Delta IV Heavy կրող հրթիռի արձակումն ԱՄՆ-ի զինված ուժերի համար հետաձգվել է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է United Launch Allaince (ULA) ընկերությունը:

Հրթիռի մեկնարկը Ֆլորիդայի Կանավերալի հրվանդանում գտնվող տիեզերակայանից ծրագրվել էր օգոստոսի 27-ին ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով 02:12-ին (Երևանի ժամանակով 10:12-ին):

«Արձակման ղեկավարը…հայտարարել է, որ չի շարունակելու ժամանակի հաշվումը մինչև NROL-44-ի հետ Delta IV-ի արձակումը»,-հաղորդվում է ընկերության Էջում, որտեղ պետք է իրականացվեր հեռարձակումը:

Ինչպես նշվում է, արձակման հաջորդ փորձը հնարավոր կլինի 24 ժամ անց:

Հրթիռը պետք է ուղեծիր դուրս բերի արբանյակը՝ ԱՄՆ-ի ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության համար (NRO): NROL-44-ի առաքելությունը կրում է գաղտնի բնույթ, և այդ պատճառով ավանդաբար այդպիսի արձակումների համար հեռարձակումը կդադարեցվի կրող հրթիռի մեկնարկից անմիջապես հետո: Ինչպես հաղորդում են մասնագիտացված հրատարակչությունները, առաքելության ընթացքում ուղեծիր դուրս կբերի ավտոբուսի մեծությամբ սարքը, որն այսօրվա դրությամբ ամենաբարդ և թանկ սարքն է, որն արձակվում է ԱՄՆ-ի կառավարության համար: