Հեղափոխությունից հետո իշխանության եկած քաղաքական ուժը պարծենում էր իր կազմած պետական բյուջեով՝ այն անվանելով ժողովրդակենտրոն: Սակայն թվերը, որոնք որպես կանոն երբեք չեն ստում, խոսում են հակառակի մասին: Ժողովրդակենտրոն բյուջեն ենթադրում է սոցիալական պաշտպանության, կրթության և առողջապահության ոլորտների ֆինանսավորման կտրուկ աճ, ինչի արդյունքում այս կարևորագույն ոլորտներում հանրությունը կզգա որակական փոփոխություններ: Իսկ ի՞նչ են արել այս առումով հեղափոխական իշխանությունները: 

2020 թ․ բյուջեի նախագծով կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներին նախատեսվում է հատկացնել ընդհանուր առմամբ 179,4 մլրդ դրամ։ Վարչապետը, ներկայացնելով այս ցուցանիշը, համեմատում է այն 2018-ի բյուջեով միայն կրթության ոլորտին ուղղված ծախսերի հետ։ Սակայն, ինչպես գիտենք, 2019 թ. ապրիլին կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունները միավորվեցին մեկ գերատեսչության մեջ։ Եվ եթե 2018-ի բյուջեով այս ոլորտներին հատկացումներն իրականացվել էին առանձին տողերով, ապա 2020-ի բյուջեի նախագծով՝ հատկացումը լինելու է մեկ տողով՝ ընդգրկելով վերը նշված ոլորտները։ Եվ վարչապետն, աճը ներկայացնելիս, համեմատականները տանում է 2018 թվականին միայն կրթությանը հատկացված միջոցների հետ, ինչը փաստացի սխալ է։ 2018-ին կրթության ոլորտին հատկացված գումարը կազմել է 127 միլիարդ դրամ, իսկ այսօր 5 ոլորտների ֆինանսավորումը միասին վերցված 179 միլիարդ դրամ է: 

Առողջապահությանը 2018-ին նախատեսվում էր հատկացնել 84 միլիարդ դրամ, իսկ փաստացի հատկացվել է մոտ 80 միլիարդ դրամ։ 2020-ի բյուջեով նախատեսվում է հատկացնել ընդամենը 109 մլրդ դրամ, մի պարագայում, երբ երկիրը բախվել է լուրջ առողջապահական ճգնաժամի, այսօր խոսվում է նույնիսկ այս գումարը կրճատելու և խնայողություն անելու անհրաժեշտության մասին: 

Միևնույն ժամանակ, անցած երկու տարիների ընթացքում պետական մարմիններում բաժանված պարգևավճարները կազմել են շուրջ 100 միլիոն դոլար: Թեև նախկին իշխանությունների պարգևատրումների մասին հրապարակայնորեն շատ բան հայտնի չէ, սակայն անգամ այն տվյալները որ կան, ցույց են տալիս ահռելի տարբերությունը. Դիցուք՝ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում, ըստ պաշտոնական աղբյուրների, բաժանվել է 50 միլիոն դոլարի արգևավճար: Այսինքն՝ մի կողմից այս իշխանությունները կրճատում են հանրության բարեկեցությանն միտված սոցիալական ծախսերը, մյուս կողմից՝ կտրուկ ավելացնում այն ծախսերը, որոնք միտված են սեփական բարեկեցությունը ապահովելուն: Բացի այդ, ուշագրավ է, որ կրճատվում են հենց այն ոլորտների ծախսերը, որոնք կոչված են ապահովել առողջ և գիտելիքահեն հասարակություն: Այս քայլը տեղավորվում է հեղափոխական իշխանությունների վարած և արևմտյան մի շարք ֆոնդերի աչքին հաճո քաղաքականության տրամաբանության մեջ՝ այն է, պայքարը ազգայինի դեմ՝ կրոն, լեզու,գրականություն: Կառավարությունն առանձնապես չի կարևորում մեր ազգաբնակչության առողջությունն ու կրթությունը, մինչդեռ երկրի զարգացումը հենց այդտեղից է սկսվում և գնալով ավելի ու ավելի է դժվարանում այս քաղաքականությունը բարդել միայն դիլետանտության վրա...