Հեղափոխությունից հետո Հայաստանում ծայր առավ ՊՈԱԿ-ի օպտիմալացման գործընթացը: Կառավարությունը այս կրճատումները պայմանավորում էր գումար խնայելու անհրաժեշտությամբ և ցանկությամբ, բացի այդ՝ վկայակոչում էին ՊՈԱԿ-ում ծաղկում ապրող կոռուպցիան, որի վերացման հարցն էլ պետք է լուծեր օպտիմալացումը: Կառավարությունը գնաց այդ քայլին, սակայն այն պատկերը, որը մենք ունենք այսօր, մեղմ ասած, չի կարող ուրախացնել: Հայաստանում թերևս չի մնացել այնպիսի ՊՈԱԿ, որը օպտիմալացման գործընթացից հետո չթաթախվեր կոռուպցիոն սկանդալի մեջ: ՊՈԱԿ-ը պետական կառավարման համակարգի միջին օղակն է, և փաստացի հենց այս օղակն էլ դարձել է կոռուպցիայի դեմ պայքարի լակմուսի թուղթը:

Դիցուք՝ այս տարվա մայիսին բացահայտվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղի վարիչի կողմից կաշառք ստանալու դեպքը: Որևէ տեղաշարժ այս գործում դեռ չի գրանցվել:

2019 թվականին «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենն իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ իրեն վստահված ուրիշի գույքը հափշտակելու (յուրացնելու) դիտավորությամբ մի շարք քաղաքացիների հրամանագրել է կազմակերպության տարբեր հաստիքներում, որոնք փաստացի աշխատանքի չեն հաճախել: Նրանց տվյալները ներառվել են աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում ու աշխատավարձի հաշվարկի ցուցակներում, և պետական միջոցների հաշվին դուրս է գրվել ընդհանուր առմամբ 25.231.000 ՀՀ դրամի չափով աշխատավարձ, որը տնօրինել է նշված պաշտոնատար անձը: Արդյունքում՝ վերջինս յուրացման եղանակով հափշտակել է վերոնշյալ՝ առանձնապես խոշոր չափերով գումարը: Կրկին նշենք, որ հարուցված քրեական գործը չի շարժվում մեռյալ կետից:

«Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը, պայմանագրով չնախատեսված հողատարածքում խոտհունձ կազմակերպելը թույլատրելու համար շրջակա գյուղերի բնակիչներից պահանջել և ստացել է կաշառք:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետը, իրականացնելով կազմակերպություն ներկայացված նախագծային փաստաթղթերի, դրանց նախնական գնահատման հայտերի և հաշվետվությունների փորձաքննություն և դրա կատարման ընթացքում հանդիսանալով պաշտոնատար անձ, անտեսելով փորձաքննության գործընթացի հետ կապված ձեռնարկողին խորհրդատվություն տրամադրելու արգելքը, տնտեսվարող սուբյեկտի տնօրենի օգտին գործողություններ կատարելու նպատակով ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանվանի անտառտնտեսության մասնաճյուղում տեղի ունեցած ապօրինի ծառահատումների, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու և կաշառք ստանալու վերաբերյալ հարուցվել է նոր քրեական գործ. ձերբակալվել է 6 անձ:

Աղձքի հայ արքաների դամբարանում և հարակից տարածքում պեղումներ իրականացնելու նպատակով 2018 թվականի հունվարի 30-ի պայմանագրով ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 15մլն ՀՀ դրամ սուբսիդիա: ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, անտեսելով 2018թ. ապրիլից-հունիս ամիսներին «Աղձքի հայ արքաների դամբարանում և հարակից տարածքում» պեղումներ իրականացնելու թույլտվություն չունենալու, ինչպես նաև նույն ժամանակաշրջանում փաստացի պեղումներ չկատարելու հանգամանքը, կազմել են առերևույթ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր և պետական բյուջեից ՊՈԱԿ-ին հատկացված միջոցներից յուրացման ձևով ենթադրաբար հափշտակել առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 9 միլիոն ՀՀ դրամ:

Չարաշահումներ են գրանցվել նաև «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից:

2018-ին «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում խոշոր չարաշահումներ են հայտնաբերվել, սակայն քրեական գործում որևէ առաջընթաց չկա:

«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ:

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում քրեական գործ է հարուցվել յուրացման և վատնման հատկանիշներով: Ի դեպ, «Թափառող շների վնասազերծման» ՀՈԱԿ-ի քարտեզագրման հսկիչ Աշոտ Մելոյանն է, ով քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն է և նրա հետ նկարահանվել է Կարգին Սերիալում:

Երեկ էլ հայտնի դարձավ, որ ՊՎԾ-ն ֆինանսական չարաշահումներ է հայտնաբերել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում՝ մասնավորապես առանձնատների վերանորոգման աշխատանքներում, որոնց արդյունքում այսօր օրակարգում է քրեական գործի հարուցման հարցը։ ՊՈԱԿ-ի տնօրենը «Հայկական ժամանակ» օրաթերթի հաշվապահն է։ Ըստ 2020 հունվարի 31-ին կառավարության կայքում հրապարակված պաշտոնական փաստաթղթի, տնօրենի լիազորությունները կատարում է Արուսյակ Մանավազյանը։ Վերջինս Փաշինյանի թիմում է դեռ 2008 թվականից՝ նախ որպես «Հայկական ժամանակ» օրաթերթի հաշվապահ, իսկ 2018 թվականից նաեւ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր հաշվապահ։ Մինչ այդ՝ 2018 թվականին, ՊՈԱԿ-ի տնօրեն է եղել «Իմ քայլը» խմբակցության ներկայիս քարտուղար Հակոբ Սիմիդյանը, որը, ըստ ՊՈԱԿ-ի աշխատակիցների, շարունակում է իր ակտիվ դերակատարումը:

Ստացվում է, որ օպտիմալացման տակ չընկած ՊՈԱԿ-ները սկսել են բյուջեն լափել կրկնակի եռանդով՝ օպտիմալացվածների տեղ էլ: Եվ սա մի պարագայում, երբ ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարվում է Հայաստանում պետական կառավարման համակարգում կոռուպցիան արմատախիլ անելու մասին: Ինչպես տեսնում ենք ՝ հարուցված քրեական գործերից և ոչ մեկով այս պահին հստակ պատկեր չկա, թե ի վերջո կոռուպցիայի մեջ ներգրավված պաշտոնյաներից քանիսն ու ինչ պատժի են արժանացել: Եվ դա հասկանալի է, չէ որ Նոր Հայաստանում արմատախիլ չի արվել ոչ միայն կոռուպցիան, այլ նաև ԽԾԲ-ի հովանավորումը, իսկ գաղտնիք չէ, որ հեղափոխությունից հետո ՊՈԱԿ-ում տնօրեններ նշանակվեցին թավշյա պաշտոնյաների ընկերները և ծանոթները…