Այսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 20:30-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ 33-ամյա Էդգար Հովհաննիսյանը, վարելով «ՎԱԶ 21-011» մակնիշի՝ 91 TO 900 համարանիշի ավտոմեքենան՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլորվել ձորը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Է. Հովաննիսյանն ու ուղևոր' Սևան քաղաքի բնակիչ 26-ամյա Սուրեն Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:

Վթարի վայր են ժամանել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանի գլխավորությամբ:

Ժամանել էին նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի և 1-ին դասակի հրամանատար Արա Գրիգորյանի գլխավորությամբ:

Ավտոմեքենան ձորից դուրս է բերվել քաղաքացիների և ՃՈ աշխատակիցների օգնությամբ, ինչից հետո ոստիկանության Գավառի քննչական բաժանմունքի քննիչի հանձնարարականով այն տեղափոխվել է Ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանվող տարածք: