Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի հնագույն «Սանգառ» ամրոցի տարածքում օրեր առաջ անհայտ անձինք երեք դամբարան են քանդել եւ թալանել: Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գեղարքունիքի մարզի պատմական միջավայրի պահպանության ծառայության պետ Գոռ Գասպարյանը, դեպքի մասին առաջինն ահազանգել է հուշարձանի տարածքի պահպանության պատասխանատուն:

«Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ձորագյուղ համայնքի վարչական սահմաններում, հնագույն «Սանգառ» ամրոցի տարածքում, գյուղից մոտ 2 կիլոմետր արեւևմուտք գտնվող դամբարանադաշտում, որը թվագրվում է Քրիստոսից առաջ 2-1 հազարամյակում, անհայտ անձինք գանձագողության նպատակով քանդել են եւ թալանել երեք դամբարան: Պատմական միջավարի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայությունը իրավախախտման փաստով ահազանգել է ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժանմունք: Այս տարվա ըբնթացքում, մոտ երկու ամիս առաջ հնագույն դամբարանի քանդման դեպք արձանագրվեց նաեւ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում, որի առթիվ քրեական գործ է հարուցված եւ կատարվում է նախաքննություն: Մի բան լավ է, որ վերջերս ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը, պեղելով Շողակաթի թալանված դամբարանը, այնտեղից հնագիտական որոշակի արժեք ներկայացնող նյութեր դուրս բերեց:Ամեն կերպ հարկավոր է միահամուռ ու համատեղ պայքար տանել գանձագողության նպատակով մեր պատմական հուշարձանները տակնուվրա անող, պատմական կարեւոր արժեքները ոչնչացնող անձանց դեմ»,-նշեց Գոռ Գասպարյանը: