Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը ազդված է Պռոշյանի գյուղապետարանի դիմաց գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության դեպքից եւ ցավակցում է հարազատներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետը:

«Երիտասարդ տղա էր, ամեն դեպքում, ափսոս էր, մեր երկրում այդպիսի բաները պետք է բացառվեն: Վատ է, որ մեր երկրում, մեր մարզում նման ահաբեկչական երեւույթներ են դրսեւորվում»,- ասաց Կովալենկո Շահգալդյանը:

Ինչ վերաբերում է Հրաչ Մուրադյանի եւ նրա ՀՀԿ-ական մրցակից Արթուր Մուրադյանի միջեւ սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրություններից հետո տեղի ունեցած միջադեպին, նա նշեց, որ դա կենցաղային միջադեպ էր, անիմաստ, եւ ինքը չի կարծում, որ դրա մեջ լուրջ բան կա:

Կոտայքի մարզպետը չի լսել, որ Պռոշյանի գյուղապետի հանդեպ սպառնալիքներ լինեն. սպանված համայնքապետը եւս իրեն այդ մասին ոչ մի անգամ բան չի ասել:

Անդրադառնալով գյուղապետի տեղական իշխանությունների, մասնավորապես ՀՀԿ-ականների հետ հակասություններ ունենալուն, այդ թվում 'Կոտայքի մարզպետի հետ, Կովալենկո Շահգալդյանը նշեց. «Այդ ասողն առնվազն մեծատառով ախմախ է, ոչ թե մենք հակասություններ ենք ունեցել, հակամարտություն, այլ աշխատանք է, շատ հարցեր կան, որոնք ինքը չէր տիրապետում, բյուջեն չէր կատարում, պարբերաբար մենք այդ թեմաները քննարկում էինք, դրանց անդրադառնում էինք»:

Մարզպետը պատմեց, որ դա եղել է բացահայտ մարզային խորհրդի նիստերի, տարածքային խորհրդակցությունների ժամանակ, «հանդիմանել ենք իր վատ աշխատանքի համար»: Նա պատմեց, որ մի անգամ ինքը գնացել է Պռոշյանի գյուղապետարան, հանդիպել աշխատակազմի հետ: Որպես մարդ եւս շփումներ են ունեցել, «նորմալ մարդ էր, սեղանի շուրջ նստել են, միմյանց հետ հաց են կիսել, որեւէ հակամարտություն չի եղել»: Կովալենկո Շահգալդյանն ասաց, որ գյուղապետի աշխատանքը սովորաբար գնահատում է համայնքը, բայց որպես մարզպետ ինքը այսպես գնահատեց. «Եթե տարբերակում դնենք լավ, միջակ, վատ, ինքը միջակից մի քիչ ցածր համայնքի ղեկավար էր»: Հարցին, թե եթե վատ է աշխատել կամ միջակից ցածր ղեկավար է եղել, ինչպես է 3 անգամ անընդմեջ ընտրվել, Կովալենկո Շահգալդյանն ասաց. «Իրեն սիրում էին, ինքը ժողովրդի հետ շփվելու ունակություն ուներ, այսպես ասած' կռված տղա էր, ժողովուրդը ընդունում էր»: Նա նաեւ շեշտեց, որ Հրաչ Մուրադյանի ընտրվելու ժամանակ որեւէ խոչընդոտ չեն հարուցել:

ԿԸՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Ընտրական օրենսգրքի համաձայն, Պռոշյան համայնքում տեղական ինքնակառավարման մարմնի արտահերթ ընտրություններ կկայանան Կառավարության համապատասխան որոշման ուժի մեջ մտնելուց հետո 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին' աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն'անձի կամ նրա մերձավորի' կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն: