Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում թոռներին դաժանաբար ծեծելու մեղադրանքով կալանավորված 57-ամյա տղամարդը հիվանդանոցում է: Նա նույնպես մկնդեղ է օգտագործել եւ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին «Արմենիա» բժշկական կենտրոնի թունաբանական բաժնից. «Հիվանդը մեզ մոտ է տեղափոխվել օգոստոսի 30-ին, և հիմա էլ վիճակը համարվում է ծայրահեղ ծանր»:

Մեր այն հարցին, թե իր քայլը ինչպես է մեկնաբանում 57-ամյա տղամարդը, պատասխանեցին. «Նոր եմ հերթապահությունից եկել, իր հետ այդ մասին չեմ խոսել, չեմ կարող ասել, թե ինչ պատճառով է այդ քայլին դիմել: Գիտակցությունը խառն է, հիշողությունն էլ գնում-գալիս է: Ինքը դեռ արնահոսում է, ու հիմա արյան պլազմա է ստանում. այն վիճակում չէ, որ նստես՝ հետը զույց անես»,- նշեցին բուժհաստատությունից:

Հիշեցնենք, որ պապիկի կողմից ծեծված երեխաներից մեկը մահացել է:

Զվարթ Պետրոսյան