Արմավիրի մարզը գտնվում է աղետային վիճակում: Այս պահին մեր համայնքի կարևոր խնդիրը հիվանդների և տուժածների հարազատներին շուտափույթ աջակցելն ու օգնելն է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

«Ես վստահ չեմ՝ քաղաքացին նախկինում ինչ գործունեությամբ է զբաղվել, բայց ունենք արձանագրված փաստ, որ ալկոհոլային թունավորումից կան մահացած մադիկ և մարդիկ, որոնց վիճակը ծայրահեղ ծանր է: Անձի վերաբերյալ կոնկրետ բան չեմ կարող ասել, սակայն առգրավվել է ալկոհոլային որոշակի չափաքանակով խմիչք: Սերտ համագործակցում ենք մարզային իրավապահների հետ, որպեսզի հասկանանք և ժամ առաջ համապարփակ տեղեկությամբ հանդես գանք»,- նշեց Մաթևոսյանը:

Մարզպետը կարծում է՝ տվյալ անձը նախկինում էլ զբաղվել է խմիչքների վաճառքով, այսինքն՝ փորձ ունեցել է, սակայն չգիտեն՝ ինքն է պատրաստել ալկոհոլային խմիչքը, թե վերավաճառել է այն։

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Արմավիր բժշկական կենտրոն են տեղափոխվել քաղաքացիներ, ովքեր, ըստ նախնական տվյալների, թունավորվել են տնայնագործ պայմաններում պատրաստված օղուց: Թունավորման հետևանքով 10 հոգի մահացել է՝ 7 հոգի Արմավիրի մարզից, 3 հոգի՝ Երևանից։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել է ալկոհոլային խմիչք վաճառած Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանը: