Երեկ՝ ծննդյան 114-րդ տարեդարձի նախօրեին, վախճանվել է Եվրոպայի ամենատարեց բնակչուհի, իտալուհի Մարիա Ռադաելլին, հայտնում են տեղի լրատվամիջոցները: 1899թ. ապրիլի 3-ին ծնված Ռադաելլին վախճանվել է Նովատե Միլանո քաղաքի իր տանը:

Իտալական լրատվամիջոցների տվյալով՝ երկար տարիներ Ռադաելլին Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի կրքոտ երկրպագու է եղել: Նույնիսկ մահից առաջ նա մահճակալին պառկած է եղել սիրելի ակումբի տարբերանշանը պատկերող ծածկոցով ծածկված, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Միլանյան ակումբն էլ իր կայքում հայտարարություն է տեղադրել, որտեղ խաղացողներն ու ակումբի ղեկավարները ցավակցություն են հայտնել երկրպագուհու մահվան կապակցությամբ եւ եւս մեկ անգամ երախտիքի խոսքեր ասել ակումբին հավատարիմ մնալու համար:

Այժմ Եվրոպայի ամենատարեց բնակչուհու կոչումը կկրի մեեկ այլ իտալուհի՝ Էմմա Մորանոն, որի 114 տարեկան կդառնա այս տարվա նոյեմբերի 29-ին: