Կառավարությունը հաստատել է ձկնորսների բարձրացրած խնդիրների վերաբերյալ իմ ներկայացրած առաջարկները: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Ինչպես արդեն տեղեկացրել էի, արդյունագործական ձկնորսության վերաբերյալ մեր մարզի ձկնորսների կողմից բարձրացված խնդիրների և առաջարկների հետքերով գնալով՝ պաշտոնական գրություն էի ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին՝ ներկայացնելով ձկնորսների կողմից բարձրաձայնված խնդիրներն ու առաջարկելով վերանայել պայմանագրերի ժամկետները, ձկնորսներին ոչ թե մեկ, այլ տարբեր տեղերից մուտք գործելու հնարավորություն տալ, վերանայել ցանցի չափը, որը թույլ չի տալիս վերահսկել որսացած ձկների քաշը:

Այսպիսով՝ ներկայացնում եմ ձկնորսների բարձրացրած խնդիրների վերաբերյալ իմ ներկայացրած առաջարկների բովանդակությանը վերաբերող այն փոփոխությունները, որոնք հաստատվել են ՀՀ կառավարության N 1420 - Ն և N 1421 - Լ որոշումներով։

- Ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը (տոննա) այսուհետ կլինի ոչ թե 200, այլ 300 տոննա,

- Ձկնորսության համար թույլատրելի քաշը միավորի համար՝ 400 գրամից ոչ պակաս՝ նախկին 500-ի փոխարեն,

- Սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա՝ նախկինում Մեծ Սևանի փոխարեն,

- Նախկինում հաստատված 17 տեղամասերին կավելացվեն ևս 8-ը։ Սևանա լճի ողջ ավազանում կգործի «Սևան» ազգային պարկի կողմից հսկվող ընդհանուր 25 տեղամաս,

- Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ (նախկին հոկտեմբերի 1-ի փոխարեն):

Շնորհակալություն Կառավարությանը՝ Գեղարքունիքի մարզի ձկնորսներին ընդառաջելու համար»,- գրել է պատգամավորը: