Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը արտահերթ զեկույց է ներկայաացրել եթերի ժամանակ տաղավարում նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում դիմակ կրելու պարտադիր պահանջի վերաբերյալ: Ներկայացնում ենք Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը.

«Եթերի ժամանակ դիմակ կրելուն վերաբերող կարգավորումների ուսումնասիրությունը Մարդու իրավունքների պաշտպանին թույլ է տալիս եզրահանգել, որ օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից սահմանված են բարդ կամ հստակության բավարար աստիճան չունեցող ձևակերպումներ, որոնք լրագրողական մասնագիտական հանրության շրջանում կարող էին առաջացնել և առաջացրել են անորոշություններ:

Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է «Եթերի ժամանակ  տաղավարում նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում դիմակ կրելու պարտադիր պահանջի վերաբերյալ» արտահերթ զեկույցում:

Արտահերթ զեկույցը կազմելիս հիմք են ընդունվել Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքները, լրագրողների մտահոգությունները, Ժուռնալիստների միության նախագահի բողոքը, «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերությունների գրասենյակներ Ոստիկանության այցերը, հեռուստաեթերում լրագրողների դիմակ չկրելու համար վարչական իրավախախտում արձանագրելու իրավական հիմքերը, այդ առնչությամբ բողոքները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումների արդյունքները։

Պաշտպանին հասցեագրված բողոքների գլխավոր հարցն առնչվում է եթերի ժամանակ հեռուստատեսային տաղավարում լրագրողների և հարցազրույցի կամ քննարկման հրավիրված հյուրերի դիմակ կրելու պարտադիր պահանջին, ինչպես նաև այդ պահանջի իրավական հիմքերի անորոշությանը և հատուկ կարգավորումների բացակայությանը:

Հարկ ենք համարում ընդգծել, որ զեկույցը նպատակ չունի գնահատելու դիմակ կրելու արդյունավետությունը վարակը կանխարգելելու տեսանկյունից կամ որոնք պետք է լինեն վարակի կանխարգելման միջոցները։

Արտահերթ հրապարակային զեկույցում Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ լրագրողական պաշտպանված աշխատանքը երաշխավորելու պետության պարտավորությունը յուրահատուկ բնույթ է ստանում այնպիսի բարդ իրավիճակներում, ինչպիսիք են արտակարգ իրավիճակները, համաճարակները, արտակարգ դրությունները և այլն: Բանն այն է, որ նման իրավիճակներում մարդու համար լայն ծավալի սահմանափակումներ ու նրա իրավունքներին բարձր աստիճանի միջամտություններ սահմանելը չի նշանակում, թե պետությունը դրանով մարդու նկատմամբ ձեռք է բերում առավելություններ կամ արտոնություններ: Հակառակը՝ պետությունն այդ կերպ ավելի է մեծացնում իր իրավական բեռը, մարդու հանդեպ պատասխանատվության աստիճանն ու ջանասիրության չափանիշը:

Մարդու իրավունքների պաշտպանը դիմումների, լրագրողների բողոքների, ինչպես նաև անկախ դիտարկումների եւ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքների հիման վրա նախաձեռնել է նպատակային ուսումնասիրություն, ինչպես նաեւ Պաշտպանի նախաձեռնությամբ նկարագրված հարցերը քննարկվել են Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարի, ինչպես նաև Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի, նշված լրատվական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի եզրահանգումները վերաբերում են հիմնականում հետևյալին.

  1. Լրատվական գործունեություն իրականացնողների ու լրագրողների համար մասնագիտական աշխատանքի հատուկ կանոններ  սահմանված չեն: Խոսքը վերաբերում է ինչպես աշխատանքի ընդհանուր կազմակերպմանը, այնպես էլ առանձին պահանջների ապահովմանը լրագրողական աշխատանքում: Այսինքն՝ ստացվում է, որ մեր երկրում գործող կարգավորումների պայմաններում լրատվական գործունեություն իրականացնողների կամ լրագրողն իր աշխատանքային պարտականությունները կատարելիս ստիպված է առաջնորդվել միայն ընդհանուր բնույթի կամ գործունեության այլ տեսակների, ոչ իր համար սահմանված կանոններով: Ասվածը վերաբերում է ինչպես դիմակ կրելու պարտադիր պահանջին, այնպես էլ մյուս կանոններին: Այդ կանոններն, իհարկե, հաշվի չեն առնում լրագրողական աշխատանքի առանձնահատկությունները: Այս ամենն էլ իր հերթին լրագրողական աշխատանքում ներգրավված անձանց ու կազմակերպություններին զրկում է կանխատեսելիությունից, ստեղծում է անորոշ վիճակ, հնարավորություն չի տալիս հստակ պատկերացում կազմելու իրենց վարքագծի իրավական հետևանքների մասին:

 

  1. Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումը վկայում է, որ որևէ պետական մարմին լրագրողների համար չի իրականացրել իրենց մասնագիտական աշխատանքին վերաբերող անհրաժեշտ իրազեկման աշխատանքներ: Առավելագույնը հարցը սահմանափակվել է որևէ պետական մարմնի մեկ կամ երկու ու այն էլ առանձին դեպքերում հակասական հայտարարությամբ կամ էլ իրավական ակտերի բարդ տեքստերի պաշտոնական հրապարակմամբ: Մինչդեռ, լայն իրազեկման ու պարզաբանող աշխատանքները կարևոր էին՝ հատկապես հաշվի առնելով, որ առանց այդ էլ առկա չեն համավարակի պայմաններում հատուկ կանոններ, չկան աշխատանքի իրավական ուղեցույցեր:

 

  1. Այս վիճակն անընդունելի է նաև այն առումով, որ անորոշ վիճակում են հայտնվում պետական այն մարմիններն ու պաշտոնատար անձինք (Ոստիկանություն, Տեսչական մարմին և այլն), որոնք պարտականություն ունեն ապահովելու համավարակի դեմ պայքարի նպատակով սահմանված պահանջների պատշաճ կիրառությունը կամ վերահսկողություն իրականացնելու դրանց նկատմամբ: Մասնավորապես, դիտարկումը վկայում է, որ նրանց համար առկա չէ հստակություն, թե ինչպես պետք է իրականացվի այս կամ այն կանոնի կիրառությունը, օրինակ, լրագրողների աշխատանքում: Իրավական կոնկրետության, հստակության բացակայությունն էլ վտանգավոր է այն առումով, որ կարող է կասկածի տակ դնել պետական մարմնի կամ պաշտոնատար անձի իրավասության առկայության հարցն առհասարակ (հատկապես, երբ խոսքը վերաբերում է վերահսկողությանը կամ պատասխանատվության միջոցների կիրառությանը):

 

  1. Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ անթույլատրելի է լրատվական գործունեություն իրականացնողների գործունեությունը կամ լրագրողական աշխատանքը զուտ տնտեսական դիտարկելը՝ առանց հաշվի առնելու այդ աշխատանքի առանձնահատկություններն ու հանրային նշանակությունը: Դա անթույլատրելի է լրագրողական գործունեության բովանդակության և դրա կազմակերպական առանձնահատկությունների հաշվառմամբ: Նշենք, որ հենց այդ հիմքով են տուգանվել նաև «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերությունները:

 

  1. Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ այնուամենայնիվ, գոյություն ունի լրագրողական մասնագիտական գործունեությանն առնչվող հատուկ կանոններ ամրագրելու փորձ: Այդ գործունեության առանձնահատկություններով պայմանավորված՝ տարբեր երկրներում մշակվել են COVID-19-ի պայմաններում հեռուստատեսության կամ այլ տեսակի լրատվական կազմակերպությունների աշխատանքին վերաբերող ուղեցույցներ: Ընդ որում, գրեթե բոլոր ուղեցույցներով անհատական պաշտպանիչ միջոցներ, այդ թվում՝ դիմակներ կրելու պարտականություն նախատեսված է միայն, երբ աշխատանքային տարածքում հնարավոր չէ այլ անձանցից պահպանել ֆիզիկական (սոցիալական) հեռավորություն:

 

  1. Գործող կարգավորմամբ, դիմակ կարող են չկրել հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ, ինչպես նաև հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները: Նոր կարգավորումից պարզ չէ, սակայն, թե ինչ է նշանակում «տաղավարում գտնվում են մենակ» կամ կոնկրետ ում է դա վերաբերում: Բանն այն է, որ հեռուստատեսային տաղավարում նկարահանման պահին մեկնաբանից կամ հաղորդավարից բացի կարող են գտնվել այլ աշխատակիցներ ևս, օրինակ՝ օպերատորներ: Պարզ չէ, թե այս եզրույթը ներառում է տաղավարում միայնակ գտնվելը, թե հեռուստադիտողի համար տեսանելի հատվածում միայնակ գտնվելը: Չի բացառվում, որ, օրինակ, հեռարձակման ժամանակ հեռուստահաղորդավարին 1.5 մետր հեռավորությունից մոտ գտնվի նաև այլ աշխատակից, սակայն հեռուստադիտողի համար դա տեսանելի չլինի: Ուստի, եթե հարցը դիտարկում ենք համավարակի կանխարգելման զուտ առողջապահական տեսանկյունից, ապա այս կարգավորման արդյունավետությունը թվում է խնդրահարույց:

 

 

  1. Այն պայմաններում, երբ երկրում առկա է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, անընդունելի է Հանձնաժողովի համար նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների կիրառման հարցում անհրաժեշտ լիազորություններ չվերապահելը: Հանձնաժողովն է այս ոլորտի մասնագիտական հիմնական մարմինը, ուստի հենց նա է օժտված նաև անհրաժեշտ մասնագիտական կարողություններով ու լրատվական գործունեություն իրականացնողների, լրագրողների հետ աշխատանքի անհրաժեշտ հմտություններով: Այլ հարց է, որ նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում հանձնաժողովը պետք է ունենա լրացուցիչ մասնագիտական հմտություններ. դրա հնարավոր բացակայությունն էլ, սակայն կարող է պայմանավորված լինել նրանով, որ Հանձնաժողովին վերապահված չեն անհրաժեշտ լիազորություններ:

 

  1. Հանձնաժողովը պետք է ունենա համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում ու նաև արտակարգ դրությունից հետո հատուկ կանոններ կամ չափանիշներ սահմանելու իրավասություն, որոնք կվերաբերեն լրագրողական գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը: Հանձնաժողովն ինքը պետք է իրավասություն ունենա իրականացնելու այդ կանոնների պահպանության նկատմամբ վերահսկողություն ու անհրաժեշտության դեպքում՝ կիրառել պատասխանատվության միջոցներ: Խոսքը հավասարապես վերաբերում է նաև հեռուստաեթերի ընթացքում դիմակ կրելու պահանջի հետ կապված հարցերին ու դրա հետ կապված՝ պատասխանատվության միջոցներ կիրառելուն: Նման դիրքորոշում է հայտնել նաև Հանձնաժողովի նախագահը Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկումների ընթացքում:

 

  1. Ուստի, անընդունելի է հատուկ կարգավիճակով օժտված (և սահմանադրական մակարդակում ամրագրված) մարմնի առկայության պայմաններում որևէ այլ մարմնի ու առավել ևս Ոստիկանության կողմից նման որևէ տեսակի իրավասություն իրականացնելը: Այս արձանագրումն առավել ևս արդիական է՝ հաշվի առնելով, որ այդ մարմինները չունեն հստակ ամրագրում ունեցող նման լիազորություններ (հնարավոր խախտումներ վեր հանելու նպատակով հեռուստատեսության աշխատանքը մշտադիտարկման ենթարկելը, հեռուստատեսության գրասենյակ այցելելը և այլն):

Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակն այնպիսին է, որ դրա պայմաններում լրագրողական մասնագիտական աշխատանքի երաշխավորման հարցերը շարունակելու են լինել Պաշտպանի ուշադրության ներքո նաև արտակարգ դրության ավարտից հետո: Ուստի, սույն արտահերթ զեկույցում Մարդու իրավունքների պաշտպանի վերլուծություններն ու առաջարկները ներկայացված են հենց այդպիսի հեռահար լույսի ներքո»:

Մանրամասները՝ զեկույցում: