Երեկ հայտնի դարձավ, որ «Իմ քայլը» խմաբկցության անդամ Արմեն Փամբուխչյանը վայր կդնի իր պատգամավորական մանդատը և կտեղափոխվի գործադիր, ամենայն հավանականությամբ՝ ԱԻՆ: Հիշեցնենք, որ Փամբուխչյանը մեկ անգամ արդեն նման վոյաժ կատարել էր, սակայն հայառակ ուղղությամբ: Նա տրանսպորտի և կապի փոխնախարարն էր, ով իր պաշտոնավարման ողջ ընթացքում աչքի էր ընկնում միայն ֆեյսբուքյան ստատուսներով, որոնցից մեկում էլ անգամ հասցրեց աղավաղել տերունական աղոթքը՝ ծաղրելով իր իսկ աշխատանքի արդյունավետությունը Լարսի բացման հարցում: Պատգամավոր Փամբուխչյանը նույնպես աչքի չընկավ իր պրոդուկտիվ և ազգանվեր աշխատանքով: Մասնակցած բոլոր նստաշրջանների հանրագումարում Փամբուխչյանը կողմ է քվեարկել 613 անգամ, դեմ 72, ձեռնպահ՝ 7, բացակայել է 40 անգամ, տվել է 5 հարց: Թերևս, Փամբուխչյանին ԱԺ-ին գործուղել մեր երկրի համար անչափ կարևոր՝ ծովային օրենսգրքի մշակման նպատակով, սակայն, ցավով պետք է փաստենք, որ Փամբուխչյանի այս առաքելությունն էլ փաստորեն կիսատ է մնում: 

Տեղափոխվածների թվում էր նաև Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանը, ում Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ տեղափոխեցին ԱԺ: Ղալումյանի մարզպետ աշխատած մեկ տարվա ընթացքում մարզում ապօրինի ծառահատման տասից ավել դեպքեր գրանցվեցին, և մարզի բնակիչները պնդում էին, որ Ղալումյանը պարզապես աչք է փակում անտառային մաֆիայի գործունեության վրա: Բացի այդ, հենց Ղալումյանի ղեկավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանի դասընկերները Տավուշի մարզում տարբեր պաշտոններ ստացան։ Ըստ Իջեւան քաղաքում շրջանառվող լուրերի՝ վարչապետ Փաշինյանի դասընկերուհի Մանե Ղազումյանը նշանակվել էր Տավուշի մարզի կրթության բաժնի վարիչ։ Ղալումյանի կինն էլ ցանկանում էր մանկապարտեզի տնօրեն դառնալ, վերջինս աշխատում է Իջևանի թիվ-3 մանկապարտեզում` որպես փոխտնօրեն։ Իշխանափոխությունից հետո նա հայտարարել է, որ ինքն է դառնալու մանկապարտեզի տնօրեն: Սակայն կոլեգաների կողմից ոչ այնքան դրական վերաբերմունքի արդյունքում երազանքն անկատար է մնացել։ Ուշագրավ է, որ ԱԺ տեղափոխվելիս Ղալումյանից սկանդալները անպակաս են: Վերջերս հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման մրցույթը շահած ընկերությունը բանկային կեղծ երեշխավորություն էր ներկայացրել։ Երաշխավորություն ներկայացրածն էլ Փաշինյանի քավոր՝ Վահե Ղալումյանի ազգականն էր: Իսկ ինչ արդյունավետություն ունի պատգամավոր Ղալումյանը. բառի բուն իմաստով՝ զրո: Նա կողմ է քվեարկել 622 անգամ, 32 անգամ բացակա է եղել, տվել է 0 հարց, ունեցել 0 ելույթ և թվով 0 օրենսդրական նախաձեռնության հեղինակ է: Փոխարենը` Ղալումյանը ԱԺ-ում ապացուցեց, որ փայլուն տիրապետում է առանց կանոների մարտերի պրիյոմներին:

Գործադիր-ԱԺ տրասնֆերտի մյուս մասնակիցն էլ Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանն է, ով այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ է, սակայն խմբակցությունից չեն հերքում լուրերը, որ Հայրապետյանը մոտ ապագայում քայլ է անելու կրկին դեպի գործադիր: Ինչո՞վ աչքի ընկավ Հայրապետյանը Սփյուռքի նախարարությունում՝ Հրանուշ Հակոբյանից մնացած գաղտնի պադվալային հատվածներ շենքում բացահայտելուց, սկայպով սփյուռքի հետ շփվելուց և աշխատանքի ժամին բլոտ խաղալուց բացի. թերևս, ոչնչով: Պատգամավոր Հայրապետյանի արդյունավետությունը նույնպես «տպավորիչ» է. մասնակցած բոլոր նստաշրջանների ընթացքում Հայրապետյանը կողմ է քվեարկել 520 անգամ, բացակայել է 122 անգամ, տվել է 5 հարց: ԱԺ նրա բեղմնավոր գործունեությունից կարելի է առանձնացնել նաև դու չի դուքա ձեզ համար հայտնի ինքնահաստատման փորձը: Հայրապետյանը նաև Շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնն է ստանձնել, և նշենք, որ այդ պահից ի վեր հայ շախմատիստները միջազգային մրցաշարերում չեն գրանցել քիչ թե շատ նշանակալի հաջողություններ: 


Ստացվում է, որ ՔՊ-ականների դեպքում գումարելիների տեղը փոխելիս՝ գումարը չի փոխվում: Նոր իշխանության ներկայացուցիչները անարդյունավետ են թե՛ օրենսդիրում, թե՛ գործադիրում, բայց մյուս կողմից այս փոխանակությունները և վոյաժները մի գերատեսչությունից մյուսը, որոնց պարբերաբար ականատես ենք լինում, խոսում է իշխող քաղաքական թիմում առկա կադրային լուրջ սովի մասին և առաջացած բացերը փակելու համար Փաշինյանը ստիպված է լինում գնալ նման ներթիմային ռակիրովկաների….