Սոցապ նախարարությունը մշտապես համարվել է Հայաստանի ամենակոռումպացված կառույցներից մեկը, սակայն հեղափոխությունից հետո մեզ խոստանում էին ոչ պակաս հեղափոխական փոփոխություններ, բացահայտումներ: Ոչ առաջինը եղավ, ոչ էլ առավել ևս երկրորդը, և ուշագրավն այն է, որ նախարար Զարուհի Բաթոյանը ոչ միայն չի գտել՝ ինչում կարելի է մեղադրել իր նախորդին, այլ մի բան էլ հաջողացնում է փիառվել՝ նախորդների օրոք արձանագրված ձեռքբերումներով:

Այսպես, օրինակ՝ դեռևս 2017 թվականին էր որոշվել և ծրագրավորվել, որ օրենսդրական փոփոխությունների և «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի կատարելագործման արդյունքում 2018թ. կապահովվի երեխայի ծննդյան միանվագ նպաստ (այդ թվում՝ 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում), խնամքի նպաստ, թաղման նպաստ նշանակելու դիմումն առցանց ներկայացնելը, ՔԿԱԳ-ի մարմինների հետ ծննդյան ակտերի և ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ տեղեկատվության փոխանակության համակարգի ներդրումը, զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակ և պարգևավճար նշանակելը (վերահաշվարկելը) և վճարելը: Դա այն է, ինչով այսօր պարծենում են նոր իշխանությունները:

2017-ին սոցիալապես անապահով ընտանիքների համար ինքնուրույնաբար կայուն եկամտի ձևավորման իրական հնարավորությունների ստեղծման և դեպի պետական նպաստն առկա ձգտումների առավելագույնս ապախթանման նպատակով արմատապես վերանայվել է ընտանիքների անապահովության գնահատման կարգը: Այդ փոփոխությունները այսօր նույնպես թմբկահարվում են, իբրև նոր իշխանությունների ձեռքբերումներ:

2017-ին փոխվել է հաշմանդամների սայլակների և լսողական սարքերի տրամադրման ընթացակարգը. անձը պետական հավաստագրերի միջոցով կարող է ձեռք բերել իր անհատական կարիքներին և առանձնահատկություններին համապատասխան հաշմանդամի սայլակ կամ լսողական սարք:

2017-ին շարունակվել է նախարարության բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների (մանկատուն, երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություն) վերակազմակերպման գործընթացը: Համակարգի 6 մանկատանը կազմակերպվել է առանց ծնողական խնամքի մնացած շուրջ 620 երեխայի խնամքը, որից 460-ը' 3 մասնագիտացված մանկատնում, սոցիալապես անապահով ընտանիքների 420 երեխայի' երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ 6 հաստատությունում, 270 երեխայի՝ սոցիալական հոգածության ցերեկային 3 կենտրոնում, 150 երեխայի՝ Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում: 25 երեխա խնամվել է 21 խնամատար ընտանիքում: Թե ինչ որոշում է այս մասով կայացրել Բաթոյանի ղեկավարած գերատեսչությունը՝ բոլորին հայտնի է: Մանկատների փակման արդյունքում մեկը մյուսի հետևից ռեզոնանսային դժբախտ դեպքեր էին գրանցվում, որոնցում պատասխանատվության իր չափաբաժինը նախարարությունը չի ցանկանում ստանձնել:

Սոցապ նախարարության միջազգային համագործակցությունը նույնպես նոր հորիզոններ չի նվաճել: 2017-ին էլ սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումներն իրականացվում էին միջազգային և բարեգործական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ (ՄԱԿ-ի կառույցներ, Եվրոպայի Խորհուրդ, Համաշխարհային բանկ, ԱՄՆ ՄԶԳ, «Սեյվ դը Չիլդրեն», «Վորլդ Վիժն») և այլն:

Նախարարությունում այսօր հպարտանում են նաև Հայխնայբանկում առկա ավանդների վերադարձով, սակայն այդ պրոցեսն էլ սկսվել է դեռևս նախորդների օրոք: Այսպես 2017 թվականի ընթացքում շուրջ 8000-ից ավել անձինք ստացել են ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում: