Հայաստանի Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը պարզաբանել է NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում իր արտահայտած միտքը՝ այն համարելով թյուրըմբռնման արդյունք:

Կոտայքի մարզպետարանի մամուլի ծառայությունից ստացված պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի' Պռոշյան համայնքի երջանկահիշատակ ղեկավար Հրաչ Մուրադյանին վերաբերող հարցազրույցում տեղ է գտել որոշակի թյուրըմբռնում, որն ունի համապատասխան պարզաբանման անհրաժեշտություն:

Կոտայքի մարզպետն անդրադառնալով համայնքի ղեկավարման գործընթացներին' իր խոսքում «միջակից մի քիչ ցածր» արտահայտությամբ նկատի է ունեցել տվյալ համայնքի բյուջեի կատարողական ցուցանիշի' մարզային միջինից ցածր լինելու հանգամանքը:

Լիարժեքորեն վստահեցնելով, որ Կոտայքի մարզպետն ամենեւին նպատակ չի ունեցել հիշյալ արտահայտությամբ կատարել անձնական որակումներ' խնդրում ենք մեր կողմից ներկայացվող այս պարզաբանումը եւս տեղադրել կայքում վերը նշված արտահայտության մեկնաբանությունը հանրությանը ճշմարիտ ներկայացնելու նկատառումներով:

Այս ամենով հանդերձ դարձյալ մեր ցավակցությունն ենք հայտնում Մուրադյանի ընտանիքի անդամներին եւ ցավով ու խորին ափսոսանքով սգում համայնքի ղեկավար' մեր գործընկերոջ ողբերգական մահը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով Պռոշյանի գյուղապետի պաշտոնում Հրաչ Մուրադյանի աշխատանքի գնահատականին, նշել էր, որ գյուղապետի աշխատանքը սովորաբար գնահատում է համայնքը, ապա հավելել էր. «Եթե տարբերակում դնենք լավ, միջակ, վատ, ինքը միջակից մի քիչ ցածր համայնքի ղեկավար էր»: Հարցին, թե եթե վատ է աշխատել կամ միջակից ցածր ղեկավար է եղել, ինչպե՞ս է 3 անգամ անընդմեջ ընտրվել, Կովալենկո Շահգալդյանը պատասխանել էր. «Իրեն սիրում էին, ինքը ժողովրդի հետ շփվելու ունակություն ուներ, այսպես ասած' կռված տղա էր, ժողովուրդն ընդունում էր»:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանին սպանված էին գտել հենց գյուղապետարանի դիմաց՝ հրազենային վնասվածքով: