Օրվա թոփ թեման Ծովագյուղում տեղի ունեցած միջադեպն էր, որի հետևանքով բախում էր սկսվել համայնքի ղեկավարի, նրա կողմնակիցների և ոստիկանների միջև: Վերջիններս ստացել էին մարմնական տարբեր վնասվածքներ:

Այս երևույթը ակտիվորեն սկսեց քննարկվել համացանցում: Օգտատերերը հումորային գրառումներ էին կատարում և կից ծիծաղաշարժ լուսանկարներ հրապարակում: Հասարակության համար զավեշտալին այն էր, որ արդյունքում հասարակական կարգը պահպանող ոստիկանության ներկայացուցիչներն իրենք էին տուժել: Այս առիթով մարդիկ մեկնաբանություններ էին գրում և կատակում, թե «Ծովագյուղ կանգնի, բերան կկոտրի», «ծովագյուղցիք ոստիկաններին ասֆլտին են փռել» , «ոստիկանությանը նշանակվել են թիկնապահներ», «լավ ծեծած Քյավառի քյուֆթա» և այլ ծիծաղաշարժ գրառումներ:

Հիշեցնենք, որ ոստիկանության ծառայողները Ծովագյուղ համայնքի հարակից հատվածում ծառայություն են իրականացրել՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության գազափոխադրման համակարգում կորուստների նվազեցման ծրագրի շրջանակներում «Ծովագյուղ» գազի բաշխման կայանում՝ ապահովելով հասարակական կարգն ու անվտանգությունը: Սակայն, Ծովագյուղի համայնքապետը, տեղեկանալով այդ մասին, շուրջ 30-50 անձանց հետ գնացել է նշված վայր և խոչընդոտել՝ խուլիգանական արարքներով, սպառնացել «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակցին: Երբ ոստիկանները փորձել են դադարեցնել նրանց գործողությունները, միջադեպի մասնակիցներից մեկը բռունցքով հարվածել է Ոստիկանության Գավառի բաժնի պետի ձախ աչքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ համայնքի ղեկավարը հայհոյել և փորձել է հարվածել Ոստիկանության Մարտունու բաժնի պետին: