Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր, կապի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ ինֆորմացիոն քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսեյ Միտրոֆանովը Մոսկվայում տեղի ունեցած կլոր սեղանի ընթացքում հայտարարել է, որ մոտենում է հայ-ադրբեջանական պատերազմը:
Ուշագրավ է, որ Միտրոֆանովը այդ մասին հայտարարել է «Արտասահմանյան պետությունների իշխանությունների դիսկրիմինացիոն մեթոդները ռուսաստանցի լրագրողների նկատմամբ» թեմայով կլոր սեղանի ընթացքում:
«Հայ-ադրբեջանական հակամարտությունը մոտենում է ռազմական ստադիային», ՌԴ Պետդումայի այդ պատգամավորին մեջբերում է Ռեգնումը: «Բոլորը, ովքեր գնում են Ղարաբաղ, դառնում են պերսոնա նոն-գրատա: Եվ մամուլի ներկայացուցչի ձերբակալությունը մեզ լրացուցիչ ցուցում է տալիս այն մասին, որ պետք է հասկանալ, որ ընթանում է պատերազմի նախապատրաստություն… Պետք է հասկանալ, որ կոնտակտային պատերազմ չի լինի, կճնշեն մի քանի ժամում գերճշգրիտ զենքի միջոցով», կանխատեսել է Միտրոֆանովը:
Խոսելով լրագրողի ձերբակալման մասին, Միտրոֆանովը նկատի է ունեցել ռուսաստանցի լրագրող Ֆատուլաեւին, որին Բաքու թույլ չեն տվել մուտք գործել եւ օդանավակայանում նրան կանգնեցրել են, քանի որ նա եղել է Ղարաբաղում:
ՌԴ Պետդումայի պատգամավոր Միտրոֆանովը նախկինում Վլադիմիր Ժիրինովսկու կուսակիցն էր եւ այսպես ասած աղմկոտ հայտարարությունների գծով նրա «սանը»: Չի բացառվում, որ Միտրոֆանովը հենց այդ շրջանակում էլ պատերազմ է կանխատեսում հայ-ադրբեջանական ճակատում:
Հիշարժան է նաեւ այն, որ Միտրոֆանովը ոչ միայն քաղաքական կանխատեսումներով է զբաղվում, այլ նաեւ էրոտիկ կամ պոռնոգրաֆիկ ֆիլմերի արտադրությամբ: Նա համենայն դեպս մի փորձ արդեն ունի եւ հանդիսանում է պրոդյուսերը մի ֆիլմի, որը պատմում էր Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի եւ Ուկրաինայի նախկին վարչապետ, Նարնջագույն հեղափոխության լեդի Յուլիա Տիմոշենկոյի սիրավեպի մասին:
Այդ ֆիլմը Միտրոֆանովը նկարահանեց դեռեւս Տիմոշենկոյի ազատության տարիներին: Իհարկե, հետո նա ներողություն խնդրեց Տիմոշենկոյից այդ մոտիվներով էրոտիկ եւ գրեթե պոռնոգրաֆիկ ֆիլմ նկարահանելու համար:
Դժվար է ասել, թե ինչն է Միտրոֆանովի մոտ լավ ստացվում՝ քաղաքական ենթատեքստով պոռնոգրաֆիա նկարահանելը, թե քաղաքական հակադրությունների պատերազմական տրանսֆորմացիաներ կանխատեսելը:
Երեւի ամեն ինչ կախված է նրանից, թե ինչն ով է պատվիրում պրոդյուսեր կամ կանխատեսող Միտրոֆանովին:
Բանն այն է, որ պետական քաղաքական տարածված պրակտիկա է, երբ որոշ հայտարարություններ կատարվում են ոչ թե պաշտոնյաների կամ այսպես ասած լուրջ ընկալում ունեցող գործիչների, այլ տարաբնույթ օդիոզ դեմքերի միջոցով: Չի բացառվում, որ Միտրոֆանովն օրինակ հանդիսանում է հենց այդ դեմքերից մեկը ռուսական «էլիտայի» համար, որի համար կարծես թե բավական կիրառելի է այդ պրակտիկան: Օրինակ, Միտրոֆանովի նախկին շեֆ Ժիրինովսկին այդ դեմքերից մեկն է, որն առավելապես աշխատում է մի քանի ուղղություններով, այդ թվում եւ հայկական «զգացմունքները» եւ «փառասիրությունը» բավարարելու ուղղությամբ:
Թե որ ուղղությամբ է կիրառվում Միտրոֆանովը, առայժմ պարզ չէ: Բայց միեւնույն ժամանակ պետք է արձանագրել, որ նրա հայտարարություններն այդքան էլ վերացական կամ մտացածին չեն, նկատի ունենալով այն, որ Հարավային Կովկասում հնարավոր ռազմական գործողությունների մասին դատողություններ անում են նույնիսկ որոշ միջազգային փորձագիտական կենտրոններ: Իհարկե, այդ կենտրոններից շատերի այսպես ասած ֆինանսական հոսքերը բավական լույս են սփռում շատ ուսումնասիրությունների եւ զեկույցների բովանդակության վրա, բայց բոլոր դեպքերում հայ-ադրբեջանական նոր պատերազմի մասին խոսակցությունները բավական աշխուժանում են, եւ ՌԴ Պետդումայի պատգամավորն այս դեպքում այսպես ասած համատեքստից կտրված չէ:
Առավել եւս, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն օրերս հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանի ադրբեջանական կողմում տեղի է ունենում զորաշարժ, կուտակումներ, ինչը հայկական զինուժի դիտարկման տակ է:
Միեւնույն ժամանակ, արդեն տեւական ժամանակ է Հայաստանում լեռնային տեղանքում մարտական գործողությունների վարժանքներ է իրականացնում Հայաստանում տեղակայված ռուսական զինուժը, որն օրերս այդ պայմաններում փորձարկել է նաեւ նոր ռազմական բեռնատարների աշխատանքը, որոնց օգնությամբ լեռնային տեղանքում ծավալվում է ռազմական գործողություններ իրականացնելու սպառազինությունը: Մինչ այդ փորձարկվել էին տանկային գործողությունները, հետո վարժվել էին հետախույզները:
Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում ընթանում են ակտիվ ռազմականացման գործընթացներ: Մասնավորապես, օրերս Վրաստանում ավարտվեց վրաց-ամերիկյան զորավարժությունը, իսկ Վրաստանի պաշտպանության նախարարն էլ հայտարարեց, որ հաջորդ տարվա համար ծրագրում են այդ զորավարժությանը ներգրավել նաեւ Թուրքիային ու Ադրբեջանին:
Այդ ընթացքում տեղեկություն տարածվեց, որ կասեցվել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ զենքի գնման մասին համաձայնագիրը, թեեւ Ռուսաստանը շարունակում է հանդիսանալ վերջին տասը տարվա ընթացքում զենքի առեւտրի Ադրբեջանի հիմնական ռազմական գործընկերը, կնքելով մոտ 1 միլիարդ 700 միլիոն դոլարի պայմանագիր, ձեռք բերելով ռազմական տանկեր, ուղղաթիռներ, նաեւ զենիթային կայաններ:
Միեւնույն ժամանակ, Իրանը բավական խորհրդավոր դիմում էր հղել պաշտոնական Երեւանին, որպեսզի Հայաստանը դատապարտի Սիրիայում ընդդիմության կողմից քիմիական զենքի կիրառումը: Իսկ օրերս էլ Հայաստան այցելեց Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, որի այցի մասին սակայն հայտարարվել էր մի քանի շաբաթ առաջ:
Հարավային Կովկասը ներկայում գտնվում է սպառազինությունների մրցավազքի ակտիվ փուլում: Այդ պայմաններում, իհարկե, մեկ կայծն անգամ կարծես թե բավարար է բռնկման համար: Բայց, միեւնույն ժամանակ, կա սառը պատերազմի մեկ այլ փորձ, երբ երկու կողմերը ինտենսիվորեն եւ մահաբեր կերպով զինվում էին, բայց իրավիճակը հանգուցալուծվեց ոչ թե կայծով, այլ սառը ջրով: