Ստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում են իրադարձությունների զարգացմանը զուգահեռ մեր հավանական համարժեք քայլերը, մասնավորապես՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ի՞նչ է դա իրենցից ենթադրում և ինչպիսի միջազգային արձագանքի կարժանանա Հայաստանը՝ նման քայլի գնալով: Նախ և առաջ նշենք, որ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը Արցախի Հանրապետության դե յուրե ճանաչումը չէ, այլ այսօր դե ֆակտո իրավիճակի՝ դե յուրե ամրագրումը: Ասել է թե՝ Հայաստանը Արցախի ժողովրդի անտվանգության երաշխավորն է թեզի ամրագրումը փաստաթղթի տեսքով:

Ըստ ընթացակարգի` նման կարգի փաստաթուղթ ստորագրելու համար անհրաժեշտ չէ իրագործել բարդ իրավական պրոցեդուրաներ, բավարար է միայն ԱԺ մեկ նիստ հրավիրել: Մյուս կողմից հասկանալի է, որ պատերազմական իրավիճակում առավել շեշտադրվելու է փաստաթղթի ռազմական համագործակցության բաղադրիչը, ինչը ենթադրում է ՀՀ զինված ուժերի կողմից Արցախին պաշտոնական ռազմական օժանդակություն ցուցաբերելու լեգիտիմացում: Ընդ որում, ինչպես Հայաստանը կարող է օգնություն ցուցաբերել Արցախին, այնպես էլ հակառակը, և այդ գործողությունները առավել քան լեգիտիմ կդառնան միջազգային հանրության աչքերում: Սակայն, այստեղ կա մեկ բայց՝ չպետք է մոռանալ, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ պետություն, և պետք է նշել, որ ստեղծված իրավիճակը ՀԱՊԿ կանոնադրությամբ որևէ կերպ չի կարգավորվում: Կանոնադրության կետերից միայն պարզ է դառնում, որ կոլլեկտիվ անվտանգության այլ համակարգերին միանալը անդամ մեկ պետության կողմից պետք է նախապես քննարկվի ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ և համաձայնեցվի: Այստեղ, սակայն, հարց է առաջանում, թե որքանով միջազգայնորեն չճանաչված պետության հետ ռազմաքաղաքական փոխօգնության դաշինք կնքելը կարող է դիտվել, որպես կոլլեկտիվ անվտանգության այլ համակարգի միացում:

Ամեն դեպքում, եթե Հայաստանը գնա այս քայլին՝ առնվազն խորհրդակցել ՀԱՊԿ-ի հետ նա պարտավոր է:  Նշենք նաև, որ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքման մասին ակտիվորեն խոսվում էր 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգով ստեղծվել էր հանձնաժողով, որը պետք է մշակեր համապատասխան փաստաթուղթը, սակայն հետագայում այս գործընթացը կասեցվեց՝ փաստաթղթի բովանդակությունն էլ չհրապարակվեց: Սակայն, միայն Հայաստանի նման ցանկությունը բավական էր, որպեսզի միջազգային և տարածաշրջանային խաղացողները մեսիջներ հղեին հայկական կողմին առ այն, թե որքանով է իրենց համար ընդունելի կամ ոչ ընդունելի նման սցենարը: 

Տարածաշրջանում գործընթացների ակտիվ քաղաքական դերակատարներն են Ռուսաստանը, ԱՄՆ և ՆԱՏՕ ռազմաքաղաքական դաշինքը, ինչպես նաև Թուրքիան և Իրանը, որոնք էլ մշտական պայքարի մեջ են Կովկասյան տարածաշրջանի, այդ թվում՝ Հարավային Կովկասի երկրների վրա վերահսկողություն սահմանելու կամ ունեցած ազդեցությունը պահպանելու համար: 2016-ին ՌԴ-ն և Իրանը բավական չեզոք և զուսպ են արձագանքել Հայաստանի նման մտադրությանը, նշելով, որ դա ՀՀ սուվերեն որոշելիքն է: Միանշանակ ՌԴ –ն դեռ այն ժամանակ նշում էր, որ նման մեխանիզմների իրագործումը հնարավոր է միայն ՀԱՊԿ հետ համաձայնացնելուց հետո, սակայն ակնհայտ է, որ բացահայտ բացասական տրամադրվածություն ռուսական կողմը հայկական կողմի այդ մտադրության հանդեպ չէր դրսևորում: Նույնը կարելի է ասել Իրանի մասին: Հասկանալի է, որ Թուրքիան, ով այսօր հանդիսանում է պատերազմող կողմ և չի թաքցնում Ադրբեջանին տրամադրվող օգնությունը թե այն ժամանակ, թե հիմա հայտարարելու է, որ Հայաստանը խախտում է միջազգային իրավունքը և աջակցում է արցախի իշխանությունների «սանձազերծած ագրեսիային»: Այս առումով բոլոր զարգացումները սպասելի են: Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ՆԱՏՕ –ին , ապա այստեղ ամեն ինչ չէ, որ միանշանակ է: Հասկանալի է, որ ռազմական փոխօգնությունը ենթադրում է Հայաստանի ներգրավում ռազմական գործողություններին, իսկ սա իր հերթին նշանակում է, որ դաշտ է մտնելու ՀԱՊԿ-ն: Արդեն իսկ ՌԴ որոշ շրջանակների կողմից քննարկվում է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման տարբերակը, որը սկզբունքորեն հակասում է ԱՄՆ –ՆԱՏՕ շահերին, քանի որ ամրապնդում է ՌԴ զինված ներկայությունը տարածաշրջանում…