Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծրագրում է հեռախոսային բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ' քննարկելու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման ուղիները: Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը Լատվիա կատարած այցի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այս թեմայով զբաղվում է միջնորդների միջազգային իրավասու խումբը' Մինսկի խումբը, որի մեջ են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն: Մենք մեր գործընկերների հետ (Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման) առաջին ժամերից կապի մեջ ենք արտգործնախարարների մակարդակով և իմ մակարդակով: Այսօր երեկոյան նախատեսում եմ (կապվել) նախագահ Պուտինի հետ, և, կարծում եմ, վաղը՝ նախագահ Թրամփի հետ, որպեսզի փոխանակումներ կատարեմ և ելքեր առաջարկեմ այս դժվար իրավիճակից», - ասել է Ֆրանսիայի նախագահը:
Մակրոնը կարծում է, որ տարածաշրջանային ճգնաժամերը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի:
Մակրոնը մտահոգություն է հայտնել նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի «ռազմաշունչ հայտարարությունների» առնչությամբ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։